Մատչելիության հղումներ

Հարյուր հազարավոր փախստականներ Ուկրաինայի արևելքից


Ռուսաստան - Արևելյան Ուկրաինայից փախստականները Ռոստովի մարզում տեղակայված ճամբարում, հուլիս, 2014թ․
Ռուսաստան - Արևելյան Ուկրաինայից փախստականները Ռոստովի մարզում տեղակայված ճամբարում, հուլիս, 2014թ․

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հույս է հայտնում, թե մարդիկ կվերադառնան իրենց տները մինչև ձմեռ:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտության պատճառով առնվազն 285 հազար մարդ հեռացել է իրենց բնակավայրերից: Ավելի քան 117 հազար մարդ այդ շրջաններից տեղափոխվել է երկրի այլ շրջաններ, 168 հազարը գնացել է Ռուսաստան:

Այս տվյալները երեքշաբթի օրը Ժնևում հրապարակել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վենսան Կոշտելը:

Նա լրագրողներին ասել է, որ ներքին տեղահանվածների թիվը հնարավոր է ավելի մեծ լինի, քանի որ Ուկրաինայի ուրիշ շրջաններում ապաստան գտած տղամարդիկ խուսափում են գրանցվել նոր բնակավայրերում՝ վախենալով, որ իրենց կարող են զորակոչել ու արդեն որպես զինծառայողներ հետ ուղարկել մարտական գործողությունների շրջաններ:

Վենսան Կոշտելը ասել է, որ Ուկրաինայի ևս 168 հազար քաղաքացի այս տարվա սկզբից մինչև օգոստոսի 1-ը դիմել է Ռուսաստանի միգրացիոն ծառայություններին՝ փախստականի կարգավիճակ, կամ այլ կարգավիճակով Ռուսաստանում մնալու թույլտվություն ստանալու համար:

Ռուսաստանի իշխանությունների տվյալներով՝ այս տարվա սկզբից Ուկրաինայից շուրջ 730 հազար մարդ առանց վիզային ռեժիմի տեղափոխվել է Ռուսաստան:

Կոշտելն ասել է, որ այս թիվը հավաստի են համարում:

Նա նշել է, որ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը նախորդ ամսվա համեմատ 24 տոկոսով աճել է:

Կոշտելն ընդգծել է, որ պետք է խուսափել իրավիճակի ձգձգումից և օժանդակել կամավոր վերադարձին՝ որքան հնարավոր է շուտ, հույս հայտնելով, որ մարդիկ կվերադառնան իրենց տները մինչև ձմռան վրա հասնելը:

ՄԱԿ-ը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել ներքին տեղահանվածների հաշվառման կենտրոնացված համակարգ ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG