Մատչելիության հղումներ

Դեպոզիտարիան դեռ կառավարիչ է ընտրում մասնավոր սեկտորի աշխատակիցների փոխարեն


Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից վստահեցնում են, որ հուլիսի 1-ի դրությամբ պետական աշխատող չհամարվողները կարող են հրաժարվել պարտադիր սոցիալական վճարից:

Պարտադիր նպատակային սոցիալական վճարից ժամանակավորապես խուսափելու նպատակով Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոսներ Սոնա Գրիգորյանն ու Տիգրան Պետրոսյանը ապրիլ և հունիս ամիսներին ավարտելով իրենց պայմանագրերը պետական այս հաստատությունների հետ՝ որոշել են այլևս նոր պայմանագիր չկնքել և դադարեցնել դասախոսական գործունեությունը:

Քանի որ երկուսն էլ զուգահեռաբար աշխատել են նաև մասնավոր սեկտորում, վստահ են եղել, որ հուլիսի 1-ի դրությամբ չհամարվելով այլևս պետական սեկտորի աշխատող և աշխատելով միմիայն մասնավոր սեկտորում՝ գոնե մինչև 2017 թվականը ազատված կլինեն պարտադիր այս վճարներից:

Սակայն օգոստոի 1-ին և 2-ին նրանք տհաճ անակնկալ են ստացել Կենտրոնական դեպոզիտարիայից:

«Ծանուցագիր է եկել, որ իմ համար ֆոնդ է ընտրվել և ֆոնդի կառավարիչ: Իմիջայլոց, նշեմ, որ ամսաթիվը, որ ես ասում եմ՝ օգոստոսի մեկը, միայն նշված է ծրարի վրա, նամակի վրա ոչ ամսաթիվ կա, ոչ անուն, ազգանուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սոնա Գրիգորյանը:

«Մենք ժամանակին նամակներ էինք ուղարկել և Պետական դեպոզիտարիա, և Կենտրոնական բանկ, որտեղ մենք նրանցից պահանջել էինք, որ չկատարեն մեր փոխարեն ֆոնդերի ընտրություն: Այդ նամակներին ոչ մի պատասխան չենք ստացել: Ուղղակի անտեսել եմ մեր պահանջը և շարունակում են այսպիսի նամակներ ուղարկել», - նշեց Տիգրան Պետրոսյանը:

Երիտասարդները փորձում են հասկանալ, որ եթե օրենքով սահմանված է, որ 2015 թվականին արդեն իսկ պահված գումարները հետ են վերադարձվելու, այդ դեպքում ինչո՞ւ է այսօր Կենտրոնական դեպոզիտարիան շարունակում հակառակ քաղաքացիների կամքի՝ ֆոնդ ընտրել իրենց փոխարեն:

«Հիմա էդ փողերը իրանք ոչ միայն չեն պահում կամուրջ հաշիվներին, որպեսզի միանգամից հետ փոխանցեն, այլ նաև փոխանցում են ինչ-որ ֆոնդերի, որը հետագայում կդժվարացնի իմ գումարները հետ փոխանցելը», - նշեց Տիգրան Պետրոսյանը:

Երիտասարդները զանգահարել են Կենտրոնական դեպոզիտարիա՝ պարզելու՝ ինչո՞ւ են իրենց փոխարեն ֆոնդ ընտրել և պահանջելու՝ չեղարկել այդ գործողությունը, սակայն այնտեղից պատասխանել են, թե չեն կարող տեղեկություն տրամադրել:

Հորդորել են դիմել օպերատորներին՝ մասնավորապես նշելով «Հայփոստի» և HSBC բանկի անունները: Բանկը մինչև հիմա փորձում է տեղեկություն ճշտել, «Հայփոստը» ևս հանկարծակիի է եկել՝ լսելով, թե տեղեկություններ տրամադրելը իր գործառույթների շրջանակում է:

Կենտրոնական դեպոզիտարիան մեզ ևս տեղեկություն չտրամադրեց՝ սլաքներն ուղղելով Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի վրա:

Կենտրոնի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը ծանոթ էր խնդրին․ - «Այդ նամակները եկել են հին օրենսդրության պահանջներից ելնելով և հին օրենսդրության գործունեության շրջանակներում: Բնականաբար, այդ նամակները փոստի ռեժիմից ելնելով․․․ Կամ, չգիտեմ, ուղղակի հիմա են հասել»:

Քաղաքացիները, որոնք հուլիսի 1-ի դրությամբ չեն համարվում պետական սեկտորի աշխատող, սակայն այսօր շարունակում են ֆոնդի ընտրության վերաբերյալ ծանուցագրեր ստանալ, արդյո՞ք ինքնաբերաբար հայտնվում են համակարգի մեջ և ստիված են լինելու պարտադիր սոցիալական վճարներ կատարել մինչև 2017 թվականը:

Այս հարցին Սարգսյանը պատասխանեց․ - «Պետք չէ անհանգստանալ, որովհետև եթե նույնիսկ այդ գրությունը եկել է, և իրենց համար ընտրվել է ֆոնդի կառավարիչ, դա դեռ չի նշանակում, որ նոր օրենսդրության շրջանակներում իրենք, կոպիտ ասած, պարտադիր դրա ներքո են և այլևս չեն կարող հրաժարվել: Ոչ, իրենք կարող են հրաժարվել նոր օրենսդրության շրջանակներում, իհարկե, օրենքի պահանջներից ելնելով՝ մինչև դեկտեմբերի 25-ը»:

Պարտադիր վճարների դեմ բողոքող քաղաքացիները մինչդեռ բողոքում են, որ 114 թեժ գիծն այսօր հստակ պատասխաններ չի տալիս խնդրահարույց շատ հարցերին: Ու սա հերթական քաոսային իրավիճակի պատճառ է դառնում, հատկապես, որ պետական որոշ կազմակերպություններ աշխատում են հին օրենքի շրջանակներում:

XS
SM
MD
LG