Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Պատրիարք, արխիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Պատրիարք, արխիվ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

Ամենայն Հայոց Հայրապետի նամակում մասնավորապես ասվում է.

«Սահմանամերձ բնակավայրերի անդադար գնդակոծությունը ադրբեջանական կողմից, դիվերսիոն գործողությունները, հրադադարի ռեժիմի խախտման տևական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի փխրուն, բայց թանկ ձեռքբերված խաղաղության համար:

Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը:
Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, որ կհամապատասխանի միջազգային նորմերին:

Մենք դիմում ենք Ձեզ` որպես Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, ջանքեր գործադրելու, որպեսզի Ձեր երկրի իշխանությունները, պահելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պահպանեն հրադադարի ռեժիմը և իրենց գործունեությամբ չխափանեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»:

Միևնույն ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար վերջին օրերին հայ - ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա - ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին և մերձավորներին:

«Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG