Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԺ-ն Մինսկի խմբին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել


«Հայաստանի Ազգային ժողովի բոլոր վեց խմբակցությունները միասնական են Հայոց բանակին և մեր զինվորներին սատարելու հարցում»,- ասված է խորհրդարանական խմբակցությունների այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ, որտեղ ընդդիմադիր և իշխանական թևի ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ միջնորդներին, նաև՝ միջազգային հանրությանը ներկայացրել են կոնկրետ առաջարկներ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ են արել «գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների և գործողությունների բացառման ուղղությամբ»:

Հայաստանի խորհրդարանը միջազգային կազմակերպություններին և պետություններին կոչ է արել «հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջև հավասարություն դնող մոտեցումից և դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները»: Նաև՝ «դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին»:

Խորհրդարանականները հայտարարել են՝ հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել և ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

Ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ բոլոր քաղաքական ուժերը գիտակցում են, որ այս իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել բացառիկ միասնություն։

«Որոշակի քաղաքական մշակույթ ապահովվում, երբ վեց քաղաքական ուժեր, ունենալով տարբեր մոտեցումներ, ներքաղաքական հարցերում լինելով տարբեր բևեռներում, կարողացել են միասնական դիրքորոշում որդեգրել»,- ասաց Հակոբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ կարիք կար ադրբեջանցիներին բացատրելու՝ ինչքան էլ քաղաքական ուժերը ներքաղաքական բուռն պայքարի մեջ լինեն, ադրբեջանական ռազմական վտանգի առջև միասնական են, պատրաստ ենք աջակցել մեր բանակին մեր զինվորներին։

«Նորմալ է, որ կա ներքաղաքական պայքար, բայց երբ սահմանին կա արտաքին թշնամի, կարող է այս ամենը մի քիչ սխալ հասկանալ։ Թշնամին կարող է հասկանալ, որ կարող է օգտվել ներքաղաքական պայքարից։ Ես վստահ եմ, որ ադրբեջանցիների հաշվարկների մեջ նաև սա է եղել այս հարձակումների ընթացքում»,- ընդգծեց Զուրաբյանը։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կարծում են խորհրդարանականները, ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից և «նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը»:

«Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք և անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին»,- հայտարարում են խորհրդարանականները։

Չնայած միասնական գնահատականներին, քաղաքական վեց ուժերի համատեղ հայտարարության վերջնական տարբերակը, այնուհանդերձ, ընդունվեց պարբերաբար բռնկվող և արագ էլ հարթվող վիճաբանությունների մթնոլորտում։ Քննարկումը ՀԱԿ խմբակցությունում էր ընթանում։ Մասնակցում էին Կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը, Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն ու հանրապետական Էդուարդ Շարմազանովը։

Ռուբիկ Հակոբյանն, այնուհանդերձ, չցանկացավ մանրամասնել, թե փակ դռների ետևում հատկապես ո՞ր ձևակերպումների շուրջ էին բանավիճում։

Իշխանության հետ բանակին և զինվորներին սատարող համատեղ հայտարարություն ընդունած ընդդիմությունն, այնուհանդերձ, հայտարարեց՝ իշխանության նկատմամբ քննադատությունը մնում է ուժի մեջ։

«Այս հարցում միասնականությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ մեր սկզբունքային դիրքորոշումների վրա։ Բոլոր քննադատությունները իշխանության նկատմամբ մնում են ուժի մեջ, որևէ ծրագրից մենք չենք հրաժարվում»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքին է նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը.- «Ընդդիմության քայլերն իհարկե պետք է լինեն իրավիճակին համարժեք։ Բայց պատերազմը չի չոքել դռանը։ Ուստի թեժ աշնան ծրագրերը չեղյալ չեն համարվել»։

Հիշեցնենք, ԱԺ-ի ոչ իշխանական քառյակը իշխանություններին ներկայացրել է 12 կետանոց պահանջ, իրականացնելու համար մինչև սեպտեմբերի վերջը ժամանակ տվել։ Քառյակից ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը չեն թաքցրել նաև իշխանափոխության իրենց պահանջը։

«Երբ երեկ քննարկում էինք այդ հարցը պաշտպանության նախարարի ներկայությամբ, մենք որոշեցինք, որ ընդհանրապես չենք անդրադառնալու ներքին քաղաքական հարցերին և որևէ քաղաքական ուժ չի հրաժարվելու իր կեցվածքից»- ասաց Ռուբիկ Հակոբյանը։

ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր ուժերի համագործակցությունն այսօրվա հայտարարությամբ չի սահմանափակվի։ Խորհրդարանականներն, ըստ Ռուբիկ Հակոբյանի, առաջիկա օրերին կայցելեն նաև Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի հյուսիսային սահմաններ։

XS
SM
MD
LG