Մատչելիության հղումներ

Առողջապահական նախկին սոցփաթեթը ավելի լայն հնարավորություններ էր ընձեռում


Պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը այս տարվա ապրիլին ապահովագրական ընկերություններից փոխանցվեց Առողջապահության նախարարությանը:

Այս փոփոխությունից հետո, սոցփաթեթի շահառուներից շատերի խոսքով, այս տարի առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները խիստ նվազեցին: Այսինքն՝ եթե պարզապես որևէ հետազոտության կարիք ունես, ապա դա պետք է անես քո հաշվին:

«Էս տարվա սոցիալական փաթեթը նախատեսում է միայն ստացիոնար բուժումը: Վիրահատությունները, ստացիոնար հիվանդանոցներում պառկելու դեպքում: Դա է փոխհատուցվում, բայց եթե ես հիմա դրանից չեմ օգտվում, էդ գումարը չգիտեմ ինչ է լինում, ինչ-որ տեղ փոշիանում է: Աճպարարություն է արվում, միանշանակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց սոցփաթեթի շահառու գիտական ինստիտուտներից մեկի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ:

Պետծառայողները փաստում են, որ եթե նախկինում սոցփաթեթի ողջ գումարը՝ 132 հազար դրամը, կարող էր ուղղվել բժշկական ապահովագրությանը՝ ավելի լայն բժշկական ծառայություններ ստանալու համար, կամ ապահովագրել ընտանիքի անդամներին, ապա այսօր այդ հնարավորությունը չկա: Առողջապահության նախարարության միջոցով ֆինանսավորվում է միայն հիվանդանոցային բուժումը:

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը ընդունում է, որ նման խնդիր գոյություն ունի, բայց խոստանում է, որ կքննարկեն հարցը:

«Այսօր մենք այդ մեխանիզմը դեռ չունենք, և հնարավոր է, որ առաջիկայում նորից լինեն փոփոխություններ կառավարության որոշման մեջ, որոնք թույլ կտան նորից քաղաքացուն կամ իր ընտանիքի անդամներին օգտվել այս ծառայություններից», - ասաց Սարո Ծատուրյանը:

Սակայն առողջապահական մասի փոխանցման հետ կապված խնդիրները այսքանով չեն ավարտվում:

Բազմաթիվ պետական ծառայողներ, ում պայմանագրի ժամկետը ապահովագրական ընկերությունների հետ արդեն լրացել է, չեն հասկանում, թե ո՞ր հիվանդանոցներին և ի՞նչ կարգով դիմեն, որպեսզի կարողանան նախարարության միջոցով բուժօգնություն ստանալ, քանի որ հավաստագրերը դեռ չեն ստացել:

Առողջապահության նախարարության պաշտոնյան ընդունում է, որ իսկապես սոցփաթեթի շահառուները տեղեկատվության պակաս ունեն: Նրա խոսքով՝ դա հետևանք է այն բանի, որ հավաստագրերն ու ուղեցույցները դեռ չեն տրամադրվել պետծառայողներին և պատրաստ կլինեն միայն 1-2 ամիս հետո:

«Կան գործընթացներ, որոնք պայմանավորված են տարբեր օրենքների նորմատիվային ակտերի պահանջների կատարման հետ կապված ժամկետներով՝ գնումների մասին օրենք, մրցույթ, հավաստագրեր տպագրելու համար կառավարության հատուկ որոշումով գումար հատկացվեց ․․․Էդ փաստաթղթերը մինչև ընդունվում են որոշակի ժամանակ է տևում, բայց էնպես չի, որ մարդիկ զանգվածաբար տեղեկացված չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարո Ծատուրյանը:

Մինչ այդ, սակայն, Ծատուրյանի խոսքով, սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալ ցանկացողները այսօր էլ ունեն այդ հնարավորություն. - «Մինչև հավաստագիրը ստանալը, աշխատակիցը դրա փոխարեն պետք է ներկայացնի տեղեկանք իր աշխատանքի վայրից, իր գործատուի կողմից այն մասին, որ նա հանդիսանում է սոցփաթեթի շահառու: Երկրորդ փաստաթուղթը՝ դա իրեն սպասարկող արտահիվանդանոցային առաջնային օղակի բուժհաստատության կողմից տրամադրված ուղեգիրն է՝ պոլիկլինիկան, կամ գյուղական ամբուլատորիան և այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG