Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում այսօր ձերբակալվեց ևս մեկ իրավապաշտպան՝ հայտնի քաղաքագետ, հակամարտությունների հարցով փորձագետ Արիֆ Յունուսը, ով, ըստ լրատվամիջոցների, կալանավորվել է, երբ փորձել է սնունդ փոխանցել օրեր առաջ ազատազրկված կնոջը` Լեյլա Յունուսին:

Հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարող զույգն այժմ մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության, պետական դավաճանության և քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով: Փաստաբանը պնդում է, որ շաքարային դիաբետով հիվանդ Լեյլա Յունուսը կալանավայրում համապատասխան բուժօգնություն չի ստանում, արդյունքում վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Իշխանությունները, սակայն, անարձագանք են թողնում թե՛ այս զգուշացումները, թե Արևմուտքի կոչերը՝ հայտնի իրավապաշտպաններին ազատ արձակելու վերաբերյալ:

Միացյալ Նահանգներից հնչող մտահոգություններին, մասնավորապես, երեկ միացավ նաև պաշտոնական Փարիզը: Ֆրանսիայի արտգործնախարարությունը հատուկ ընդգծեց, որ նախագահ Օլանդը տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ Լեյլա Յունուսին Պատվո լեգիոնի էր արժանացրել՝ մարդու իրավունքները հետևողականորեն պաշտպանելու համար:

Յունուս ամուսիններից բացի այս օրերին Բաքվում ազատազրկվել է ևս մեկ հայտնի իրավապաշտպան՝ Մարդու իրավունքների ակումբի հիմնադիր Ռասուլ Ջաֆարովը, ով համակարգում էր ոչ ժողովրդավար վարչակազմի դեմ բողոքի ակցիաները 2012 թվականին Ադրբեջանում անցկացված Եվրատեսիլի ժամանակ:

«Երգիր հանուն ժողովրդավարության» կարգախոսի հեղինակն ու Ալիևի սուր ընդդիմախոսը երկու օր առաջ ձերբակալվել, ապա եռամյսա կալանքի է դատապարտվել՝ հարկերից խուսափելու և անօրինական բիզնես ծավավելու համար:

«Ջաֆարովը չի գրանցել իր կազմակերպությունն ու ապօրինի դրամաշնորհներ է ստացել Արևմուտքից»,- պնդում է դատախազության ներկայացրած մեղադրականը, որտեղ, սակայն, որևէ բառ չկա այն մասին, որ իշխանություններն են մի քանի անգամ շարունակ մերժել իրավապաշտպան կազմակերպության գրանցումն ու օրինական գործունեությունը երկրի տարածքում:

«Մարդու իրավունքների պայքարի առաջամարտիկ Ջաֆարովը ճաղերի ետևում է հենց իր քաղաքական հայացքների ու իրավապաշտպան գործունեության համար»,- հայտարարել է միջազգային Amnesty International կազմակերպությունը: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Human Rights Watch-ը՝ կոչ անելով պաշտոնական Բաքվին դադարեցնել ճնշումները ակտիվիստների ու ընդդիմախոսների նկատմամբ:

«Ջաֆարովը մի շարք դաշնակիցների հետ վերջին ամիսներին կազմում էր Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մարդկանց ցուցակը և պատրաստվում էր այն հանձնել Եվրախորհրդրի խորհրդարանական վեհաժողովին, որը հունիսին հատուկ զեկուցող է նշանակել այս հարցն ուսումնասիրելու համար»,- հայտարարում է Human Rights Watch-ը՝ ընդգծելով՝ ազատազրկելով նրան Ադրբեջանի իշխանությունները հստակ և սպառնալից ուղերձ են հղում նաև մյուս ակտիվիստներին՝ իրենց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ալիևի վարչակազմը մինչդեռ Արևմուտքից հնչող այս քննադատությունները չի ընդունում:

«Հայրենիքի դավաճանության կասկածանքով կալանավորված Լեյլա Յունուսի գործը քաղաքականացնելու` ներքին և արտաքին ուժերի ցանկացած փորձ դատապարտված է անհաջողության»,- այսօր հայտարարել է նախագահ Ալիևի աշխատակազմի քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը և կրկին պնդել, որ այս ձերբակալությունները որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, հիմնված են լուրջ փաստարկների վրա:

«Ադրբեջանում օրենքի առջև բոլորն են հավասար և բոլորն են պարտավոր պատասխան տալ գործած հանցանքների համար՝ անկախ քաղաքական հայացքներից ու իրավապաշտպան գործունեությունից»,- պնդում է Ալիևի վարչակազմը, որի հասցեին կոռուպցիայի և բռնապետական քայլերի մեղադրանքները չեն դադարում:

XS
SM
MD
LG