Մատչելիության հղումներ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահամանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 4-5-ը հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմը խախտվել է 45 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց։ Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ։ Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց։ Հայկական կողմից տուժածներ չկան։

«Հայաստանի զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողություններ են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,- ասված է նախարարության մամուլի հաղորդագրությունում։

Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ամբողջ գիշեր կրակոցները չեն դադարել։ Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանի փոխանցմամբ՝ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման ոչ մի փորձ չի ձեռնարկել։ «Ազատության» հետ զրույցում Հասրաթյանը հաստատել է կրտսեր սերժանտ, 43-ամյա Արամ Գրիգորյանի զոհվելու մասին երեկ տարածված տեղեկատվությունը։

Օգոստոսի 4-5-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 400 անգամ։ Տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց, փոխանցում է ԼՂ ՊՆ-ի մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նախահարձակ գործողության»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Այսօր տեղեկացանք նաև, որ մերձճակատային գոտում հրազենային վիրավորում է ստացել և հիվանդանոց տեղափոխվել Ադրբեջանի բանակի ենթասպա Վալեհ Հոսիևը։ Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանին պաշտպանության նախարարությանը։

Ըստ ադրբեջանական կողմի, զինվորականը վիրավորվել է հայկական ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից։

XS
SM
MD
LG