Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական լուծում չունի»


Հայտարարություններով են հանդես եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը, Շվեդիայի արտգործնախարարը:

«Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի», - պնդում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը: Այս մասին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

«Մեզ խորապես մտահոգում է շփման գծի երկայնքով նկատվող լարվածության աճը, որը հուլիսի 31-ից ի վեր զգալի թվով զոհերի պատճառ է դարձել: Մենք մեր ցավակցությունն ենք փոխանցում զոհերի և վիրավորների հարազատներին և դիմում ենք հակամարտության բոլոր կողմերին` լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը հարգելու կոչով», - հայտարարել է Փսաքին:

«Վրեժխնդրությունն ու հետագա բռնարարքները է՛լ ավելի կբարդացնեն խնդրի խաղաղ կարգավորումը: Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն հավատարիմ է իր հանձնառությանը` օժանդակել կողմերին Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնարար լուծմանը հասնելու համար», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Անդրադառնալով Սոչիում շաբաթավերջին նախատեսվող բանակցություններին՝ Փսաքին ակնարկել է, որ ամերիկյան կողմը դեռ հստակ տեղեկատվություն և ձևավորված տեսակետ չունի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպումների մասին, որոնք, հիշեցնենք, նախատեսված են օգոստոսի 8-ին և 9-ին: «Մենք ավանդաբար աջակցում ենք այն բոլոր հանդիպումներին, որոնք միտված են այս խնդիրներով երկխոսության ծավալմանը: Դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ ես մեր թիմի հետ դեռ չեմ քննարկել կոնկերտ այս հանդիպման հետ կապված մանրամասները», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն, արխիվ

Նույն ժամերին, երբ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն անդրադառնում էր ղարաբաղյան հիմնախնդրին, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում շրջանառության մեջ է դրվել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հայտարարությունը` նվիրված շփման գծում լարվածության աճին:

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին պահպանել զինադադարի ռեժիմը, լարվածության անհապաղ նվազեցմանը, ինչպես նաև խաղաղ կարգավորմանն ուղղված երկխոսության գնալու պատրաստակամություն ցուցաբերել, զերծ մնալ հետագա բռնարարքներից», - նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` հավելելով, թե միջազգային ամենահեղինակավոր այս կազմակերպությունը շարունակում է իր լիակատար աջակցությունը ցուցաբերել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքներին:

Հրադադարի ռեժիմը հարգելու կոչերով հանդես են գալիս նաև բրիտանացի դիվանագետները: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ մասնավորաբար նշված է, որ Լոնդոնին մտահոգում են շփման գծում ծավալված իրադարձությունները, ինչպես նաև այն փաստը, որ բախումների ընթացքում կողմերը սկսել են ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ կիրառել:

«Միացյալ Թագավորությունը դիմում է թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին` կոչ անելով հարգել 1994-ին կնքված հրադադարը, ինչպես նաև անպահաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար: Խորապես ցավում ենք երկու կողմից շարունակվող մարդկային զոհերի համար», - նշված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարության մեջ:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ, արխիվ

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ, արխիվ

Իսկ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը, չխախտելով ավանդույթը, հայ - ադրբեջանական շփման գոտում առկա լարվածության մասին իր կարծիքը հայտնել է Twitter սոցիալական ցանցի իր էջում: «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ահագնացող հակամարտությունն ու զոհերի քանակի աճը է՛լ ավելի փխրուն են դարձնում առանց այդ էլ անկայուն իրադրությունը», - նշել է Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG