Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ․ Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում չի կարող լինել


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին ճեպազրույցի ժամանակ, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայկական և ադրբեջանական շփման գծում բռնության ահագնացմամբ, որի հետևանքով հուլիսի 31-ից սկսած նշանակալի կորուստներ եղան: Այդ մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքին:

«Մենք անշուշտ մեր ցավակցություններն ենք հղում սպանվածների կամ վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը հարգելու համար», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ շարունակելով․ - «Այս հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Վրեժխնդրությունը և հետագա բռնությունը միայն ավելի կդժվարացնեն խաղաղ կարգավորման հասնելը»:

«Մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, նվիրված ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման հասնելու հարցում բոլոր կողմերին օգնելուն», - ընդգծել է Փսաքին:

Հարցին՝ սատարո՞ւմ է արդյոք Միացյալ Նահանգները առաջիկա օրերին Սոչիում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, ինչպես նշել է լրագրողը, հյուրընկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Պետքարտուղարության խոսնակն արձագանքել է, որ կոնկրետ տվյալ թեմայով չի խորհրդակցել իրենց թիմի հետ, սակայն պաշտոնական Վաշինգտոնը ավանդաբար սատարում է այդ խնդիրների շուրջ երկխոսությանը միտված հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG