Մատչելիության հղումներ

Հաշմանդամին կարգ չեն տալիս. գործը դատարանում է


«Ունիսոն» հասարակական կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը «Ազատության» հետ զրույցում պատմում է, որ հաշմանդամության կարգ ստանալու մեկ տարվա քաշքշուկից հետո, ի վերջո, որոշել է իր իրավունքները պաշտպանել դատարանի միջոցով. նա հայց է ներկայացրել Վարչական դատարան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության դեմ՝ հաշմանդամության կարգ ստանալու իր դիմումին ընթացք չտալու համար:

Չալիկյանը պատմում է, որ երկար ժամանակ պոլիկլինիկայում իրեն ուղեգիր չեն տվել փորձաքննության գործընթացը սկսելու համար: Դա պատճառաբանել են նրանով, որ վերջինս մեկ տարվա ընթացքում երեք ամիս չի բացակայել աշխատանքից, նույնն ասել են նաև նախարարությունում:

«Դիմում ինձանից չընդունեցին, ասացին՝ «քանի որ դուք բյուլետեն չունեք, մենք անգամ չենք դիտարկել ձեր դիմումը»։ Ասացի՝ իսկ եթե ես չաշխատե՞ի, պատասխանեցին, որ «եթե դուք չաշխատեիք, ձեր առողջական վիճակը թույլ է տալիս անցնել այս կամիսիան»։ Դա պատրանք է, հա՞, որ հաշմանդամը բացակայում է ավելի հաճախ, քան մնացածը. իրա մոտ ստաբիլ ֆունկցիոնալ խանգարում է, բայց դա չի նշանակում, որ ինքն անընդհատ պետք է բացակայի։ Բայց էս խմբի նշանակման հարցով, ինձ հենց ասացին, որ տարեկան երեք ամիս բուլետեն պետք է ունենաս, որ քեզ իրավունք ունենանք մենք անցկացնենք, անգամ դիմում ընդունենք»,- «Ազատությանը» փոխանցեց Չալիկյանը։

Մարիաննա Չալիկյանը պատմում է, որ երիկամների խրոնիկ անբավարարություն ունի, որը ոչ մի երկրում ամբողջությամբ չի բուժվում: Հիվանդությունը տարիների ընթացքում բարդանում է։ Որոշ ժամանակ անց պետք է դիալեզ ստանա, և նա այդ ամենի դիմաց ստիպված է լինելու վճարել, քանի որ հաշմանդամության կարգ ստանալ այդպես էլ չի հաջողվում:

«Իսկ եթե ես դիալեզի անցնեմ ու էլի բյուլետեն չվերցնե՞մ, որովհետև դիալեզով մարդիկ կարող են աշխատել, կրկին ուրեմն հաշմանդամության խումբ չե՞ն նշանակի։ Շատ տարօրինակ պահանջ է»,- ասաց «Ազատության» զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Վարչական դատարանը օրերս գործը վարույթ է ընդունել։ Նա համոզված է, որ խնդիրն իր օգտին է լուծվելու, քանի որ, իրավաբանի վստահեցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պահանջներն անհիմն են:

«Նման պահանջ օրենքը չի ենթադրում« ու որպես կազմակերպության ներկայացուցիչ, պարտավոր եմ այդտեղ պայքարել մինչև վերջ, ինչո՞ւ, որովհետև դա նախադեպ կլինի, որպեսզի մյուս դեպքերում, որ մարդիկ մի քիչ ավելի քիչ են տեղյակ էդ պայքարելու մեթոդներից, իրենց նկատմամբ նման բան չկիրառեն»,- փոխանցեց Չալիկյանը։

Նա նշում է, որ այս ընթացքում, բացի թանկարժեք դեղորայքից, ստիպված է եղել վճարել տարբեր բուժհաստատություններ այցելելու և իր հիվանդության փաստը ապացուցելու համար։ Նաև տասնյակ հետադարձ ծանուցումով նամակներ է ուղարկել պետական մարմիններ, որպեսզի վերջիններս ստիպված գրավոր պատասխանեն իրեն, թե ինչու են մերժում փորձաքննություն անցկացնել:

«Սա ևս գումար արժե, դատական գործ սկսելու համար կրկին վճարել եմ։ Արդյունքում ոչնչի դեռևս չի ստացվում»,- ասաց Մարիաննա Չալիկյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում, մինչդեռ, նշում է, որ կարգ տրամադրելու համար անաշխատունակության երեք ամսվա փաստաթուղթը պարտադիր է «և Չալիկյանը չի կարող խումբ ստանալ՝ «իրենց պահանջները հիմնավորված են»:

«Անձը Բժշկասոցիալական փորձաքննություն կարող է անցնել, եթե նրա մոտ կա տևական հիվանդություն և նրա մոտ առաջացել է ֆունկցիայի կայուն խանգարում. ինքը չի կարող աշխատել, մենք չենք կարող օրենք խախտել, ինչպե՞ս խախտենք« ընդունենք գործը։ Աշխատող անձը, եթե չունի մեկ օր ժամանակավոր անաշխատունակության թերթ, որն ապացուցում է, թե նրա առողջական վիճակը ինչպիսին է՝ դա վերականգնվե՞լ է, չի՞ վերականգվել, առաջացե՞լ է կայուն ֆունկցիոնալ խանգարում, թե չի՞ առաջացել, այ սա է ամբողջ խնդիրը, որ գործին ընթացք չի տրվում»,- ասաց Սիմոնյանը։

Չնայած հիմնավորումներին, Մարիաննա Չալիկյանը մտադիր է պայքարել։ Նա այժմ նաև օգնում է դատարան դիմել հաշմանդամություն ունեցող այն մարդկանց, որոնց ևս հաշմանդամության խումբ չի տրվում:

XS
SM
MD
LG