Մատչելիության հղումներ

Յանուկովիչը դիմել է Եվրամիության դատարան


Ռուսաստան - Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում, փետրվար, 2014թ․

Ռուսաստան - Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում, փետրվար, 2014թ․

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահը պահանջում է վերացնել իր նկատմամբ պատժամիջոցները, բողոքում է նաև իրեն «նախկին նախագահ» բնորոշումը տալու դեմ:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարան` պահանջելով վերացնել իր նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները:

Հայցադիմումը տրվել է մայիսի 14-ին, դրա բովանդակությունը, սակայն, հայտնի է դարձել օգոստոսի 4-ին Եվրամիության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:

Մինչ օրս փախուստի մեջ գտնվող Յանուկովիչը պահանջում է չեղարկել, մասնավորապես, Եվրամիության խորհրդի մարտի 5-ի որոշումը, որով ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ սառեցվել են 18 ուկրաինացի պաշտոնյաների` այդ թվում և Յանուկովիչի հաշիվները, ինչպես նաև արգելվել է նրանց մուտքը Եվրամիության երկրներ:

Իր հայցում Յանուկովիչը բողոքում է նաև Եվրամիության կողմից իրեն «նախկին նախագահ» բնորոշումը տալու դեմ, ինքն իրեն անվանում է «լեգիտիմ և ժողովրդավարական ձևով ընտրված նախագահ»:

Ուկրաինան լքած Վիկտոր Յանուկովիչի կարծիքով՝ իր նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և իր հաշիվներն արգելափակելու համար Եվրամիության խորհուրդը չուներ բավարար ապացույցներ, իսկ որոշումն ընդունվել է քաղաքական նկատառումներով` որպես պատիժ Ուկրաինայի կառավարությանը` եվրոպական ասոցացման գործընթացը կասեցնելու համար:

Իր հաշիվների սառեցումը Յանուկովիչը սեփականության իրավունքի խախտում է համարում:

Նույնաբովանդակ հայցեր Եվրամիության դատարան ներկայացրել են նաև Յանուկովիչի որդիները` Վիկտորը և Ալեքսանդրը:

Եվրամիության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է նաև Յանուկովիչի մերձավորներից գործարար Սերգեյ Կուրչենկոյի հայցը, ում Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կասկածում է հարյուրավոր միլիոնների հասնող անօրինական դրամական միջոցների «լվացման» մեջ: Կուրչենկոն, ով, ինչպես և Յանուկովիչը, թաքնվում է Ռուսաստանում, հայտարարում է, որ պատժամիջոցները իր նկատմամբ ապօրինի են:

Յանուկովիչների ընտանիքից և Սերգեյ Կուրչենկոյից բացի, Եվրամիության դատարանում ԵՄ-ի պատժամիջոցներն է բողոքարկում նաև Ուկրաինայի նախկին իշխանական ողջ վերնախավը` նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նրա պատգամավոր որդի Ալեքսեյը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ու նաև նրա պատգամավոր որդին` Արտյոմը, նախկին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը և եկամուտների նախարար Ալեքսանդր Կլիմենկինը, Յանուկովիչի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը, նրա եղբայր պատգամավոր Սերգեյ Կլյուևը:

«Դոյչե Վելլե»-ն հայտնում է, որ նման դատական հայցերը սովորաբար քննվում են մի քանի տարի:

XS
SM
MD
LG