Մատչելիության հղումներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են հերթական զինվորականի մահվան մասին


Հայաստան - Հայ դիրքապահը ծառայություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, 22-ը օգոստոսի, 2011թ․

Հայաստան - Հայ դիրքապահը ծառայություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, 22-ը օգոստոսի, 2011թ․

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են հերթական զինվորականի մահվան մասին. Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար, փոխգնդապետ Իխթիյար Մամեդովը արձակուրդի ընթացքում սրտի անբավարարությունից մահացել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում. գրում է «Հաքքին օնլայն» պարբերականը:

Պաշտոնական աղբյուրը նույնպես չի պարզաբանում դեպքի մանրամասները:

Մինչ այդ էլ՝ այսօր առավոտյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի ձևակերպմամբ՝ «հայկական հարձակման հետևանքով» վիրավորված զինծառայող Անար Գարազադեն մահացել է հոսպիտալում։ Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ զինծառայողը վիրավորվել էր «հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը Հորադիզում»։ Մինչդեռ այս զինվորի անունը հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում վիրավորված զինվորների անունների հրապարակված ցանկում չկար:

Այսպիսով հուլիսի 31-ից մինչ այսօր ադրբեջանական բաց աղբյուրներում հրապարակված զոհված զինծառայողների թիվը կազմում է 16:

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը լուրջ խնդիրներ է առաջացնում հասարակության ներսում: Մարդիկ խորը մտահոգություն և վտանգ են զգում», - ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրել է ռազմական փորձագետ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ուզեյիր Ջաֆարովը, - «Մեր զինված ուժերը ճակատի տարբեր ուղղություններում խոշոր կորուստներ են կրել: Վերջին 20 տարում նման կորուստներ մեկ օրում չի եղել: Պաշտպանության նախարարությունը հասարակության ատելությունից և զայրույթից իրեն ապահովագրելու համար այդ կորուստների թվերը բաժանել է երեք օրերի, որպեսզի հայտնի չդառնա, որ մեկ օրում այդքան զոհ է եղել», -մասնավորապես գրել է ադրբեջանցի ռազմական փորձագետը:

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերի սահմանային լարվածությունը հիմնականում ներկայացնում են հայկական պաշտոնական աղբյուրներին հակասող տեսանկյունից՝ զոհերի և վիրավորների թվից մինչև միջադեպի մանրամասներ: Մինչև անգամ կար տեղեկատվություն այն մասին, թե իբր ադրբեջանական զինուժը ազատագրել է Աղդամն ու Ֆիզուլին, ինչը ժամեր անց իրենց իսկ կողմից հերքվեց:

Իրարամերժ են նաև այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լուրերը. մի կողմից հաղորդվում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի առաջնագիծ մեկնելու մասին, մյուս կողմից Ադրբեջանի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հայտարարում է, թե այս օրերին նախագահը և պաշտպանության նախարարը երկում չէին, և որևէ հրամանատար չէր կարող ոչ մի ինքնակամ քայլ անել այն պահին, երբ երկրից բացակայում են երկրի գերագույն հրամանատարն ու պաշտպանության նախարարը»:

Ինչ վերաբերում է Սոչիում օգոստոսի 8-ին Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը՝ ապա Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների կողմից արձագանք չկա․ այդ երկրի առաջատար լրատվամիջոցներն այս լուրը հրապարակել են՝ հղում անելով հայկական աղբյուրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG