Մատչելիության հղումներ

Փաստաբանին զենքով սպառնալը «օրինաչափ է» ՀՔԾ-ի և Ոստիկանության համար


Փաստաբանին զենքով սպառնալը «օրինաչափ է» ՀՔԾ-ի և Ոստիկանության համար
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել «Վերնիսաժ»-ի գործով ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբանի հաղորդման հիման վրա։ Այս մասին տեղեկացանք ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Ի պատասխան փաստաբան Լևոն Բաղդասարյանի ահազանգի, որ հուլիսի 4-ին Վալերի Հովհաննիսյանին կիսագիտակից վիճակում դատարան տանելու համար հիվանդանոց եկած իրավապահները խոչընդոտել են իր աշխատանքը, արժանապատվությունը վիրավորելով, հրելով, գռեհիկ ձևով դուրս են հանել սենյակից, սպառնալով չենթարկվելու դեպքում՝ զենք գործադրել, Հատուկ քննչական ծառայությունը եզրակացրել է՝ ոստիկանների գործողություններում հանցակազմ չկա։

Ոստիկանությունը ևս պնդում է, որ այդ օրը «ոստիկանների գործողությունները եղել են օրինաչափ»։

«Փաստաբանն ասում է՝ զենքով սպառնացել են, դա օրինաչա՞փ է»,- «Ազատության» այս դիտարկմանը Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին. - «Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանների գործողությունները եղել են օրինաչափ»։

Խոսքը այն դրվագի մասին է, երբ քննիչը Վալերի Հովհաննիսյանին խուլիգանության մեղադրանք է առաջադրել, և հաշվի չառնելով նույնիսկ հիվանդանոցի հերթապահ բժշկի գրավոր եզրակացությունը, որ «տվյալ պահին քննչական գործողություններ նպատակահարմար չէ կատարել»՝ ծանր վիրավորին աղիքը կախված դրել են պատգարակի վրա, որպեսզի տանեն դատարան՝ խափանման միջոց ընտրելու։

Փաստաբանի փոխանցմամբ, իրավապահները խիստ վրդովվել էին, երբ ինքը փորձել էր շտապ օգնության բրիգադից ընդամենը պարզել՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու վիրավորի առողջության հետագա վատթարացման համար։ Դա էր եղել Լևոն Բաղդասարյանին բռնությամբ սենյակից դուրս հանելու և սպառնալու պատճառը։ Մինչդեռ ըստ Հատուկ քննչական ծառայության գրության, ոստիկանները եղել են բավական հարգալից, հակառակը՝ փաստաբանն է ագրեսիվ վարք ցուցաբերել:

«Շատ զարմանալի տերմին է փաստաբանի համար»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը,- «Լավ, փաստաբանը պետք է գնար ջան-ղուրբան ասե՞ր, տեսնելով, որ անմարդկային վերաբերմունք են ցույց տալիս իր վստահորդի նկատմամբ։ Պետք է հանգիստ կանգներ, լռեր, ենթարկվե՞ր լիազոր մարմնի գործողություններին... Բա Աստված չանի, որ Վալերիի հետ մի բա՞ն պատահեր, և իրոք, կարող էր պատահել... Որովհետև բժիշկը գրում է՝ քննչական գործողություններ նպատակահարմար չէ, և եթե դուք դրանից հետո գործողություն եք անում, բա փաստաբանը գործողություն չանի՞, չհարցնի՝ եղբայր, բա որ հանկարծ մի բան պատահեց, ո՞վ է պատասխան տալու։ Օրենքի ուժով փաստաբանը անձեռնմխելի է, և փաստաբանին բռնի հանել դուրս, այնուհետև հրահանգ իջեցնել, որ եթե նորից մտնի հիվանդասենյակ իր պաշտպանյալի մոտ՝ հրազեն կկիրառեն, ես դա դիտում եմ ոչ իրավաչափ»։

Ընդ որում, ըստ Լևոն Բաղդասարյանի, ՀՔԾ-ի գրության մեջ որևէ խոսք չկա այն մասին, թե որոնք են եղել իր ագրեսիվ գործողությունները։

Վալերի Հովհաննիսյանի ծնողները ևս, հիշեցնենք, ականատես էին եղել կատարվածին: Օրեր առաջ նրա մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը, «Ազատությանը» պատմել էր. - «Ադվոկատին պատին դեմ տվեցին, մեզ պատին դեմ տվեցին ու վայրագ ձևով պատգարակով խայտառակ կերպով բժշկի սպրավկան հաշվի չառան... երեխուս գողացան ուղղակի, պատգարակով, խայտառակ կերպով, անպարկեշտ ձևով»։

Լիանա Հովհաննիսյանից այսօր տեղեկացանք, որ ամուսնուն՝ Սամվել Հովհաննիսյանին, ևս հարցաքննել են այս դրվագով, սակայն ինչպես փաստաբանն է վկայում, ՀՔԾ-ի գրության մեջ որևէ բառ չկա նրա պատմածների մասին: Ընդհանրապես Վալերի Հովհաննիսյանի հոր անունը չի էլ հիշատակվում, վկայակոչված են միայն այն անձանց բացատրությունները, որոնք ասել են, որ փաստաբանն է իրեն ագրեսիվ պահել։ Սա և՛ Լևոն Բաղդասարյանը, և՛ իրավապաշտպանները համարում են վտանգավոր նախադեպ։

«ՀՔԾ-ի այդ որոշումը բացահայտ ցինիզմի դրսևորում եմ գնահատում։ Խոսքը փաստաբանի մասին է, որի նկատմամբ բռնություն է գործադրվել զենքի սպառնալիքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, - «Այսինքն ՀՔԾ-ն իր այս որոշումով ուզում է ասել, որ՝ ոստիկանությունը մշտապես բռնություններ է գործադրելու, և դուք պարտավոր եք հավատալ մեզ, երբ մենք ասում ենք, որ այդ բռնությունները տեղի չեն ունեցել։ Այսինքն երբ ոստիկանապետը ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկում Շանթ Հարությունյանին, և Շանթ Հարությունյանը հայտարարում է դրա մասին, մենք պետք է հավատանք ոստիկանապետի խոսքին, որ դա սուտ է։ Երբ Շանթ Հարությունյանի անչափահաս տղային ծեծում են ոստիկանության բաժանմունքում, մենք էլի պիտի հավատանք ոստիկանապետին։ Մենք չենք հավատում, և հայտարարում ենք, որ Ոստիկանությունը աննախադեպ բռնություններ է կիրառում քաղաքացիների, և, ինչպես տեսնում ենք Վալերի Հովհաննիսյանի դեպքում, ծանր առողջական վիճակ ունեցող մարդկանց նկատմամբ.... Ես կարող եմ հիշատակել նաև Վարդան Պետրոսյանին, ինչ վիճակով նրան կալանավորեցին և տարան, սա պատժի ձև է, որը կիրառում է ոստիկանությունը մշտապես։ Փաստաբանին սպառնալ զենքո՞վ, սա պետք է կանխել, սա կարող է դառնալ սովորական երևույթ Հայաստանում»։

Լևոն Բաղդասարյանը ՀՔԾ-ի գրության դեմ բողոք է ներկայացնելու Գլխավոր դատախազին։

XS
SM
MD
LG