Մատչելիության հղումներ

Այսօր Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ հանդիպումից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ԱԺ-ում խորհրդարանականներին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը:

«Ես ներկայացրեցի մեր զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում պատասխանները Ադրբեջանի Հանրապետության այն սադրանքներին, որ կազմակերպել էր նրանց ռազմական, ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նրանց խղճի վրա են բոլոր այն զոհերը, որոնք տեղի են ունեցել երկուստեք և մեր կողմից, և Ադրբեջանի կողմից, և ինչպես նաև այն, որ բազմակի անգամ՝ 8-10 անգամ ավել զոհեր տալով՝ նրանք մարդկային ճակատագրերի համար պատասխանատվություն չեն կրում», - ասել է Օհանյանը՝ հավելելով, որ քննարկել են նաև ԱԺ խմբակցությունների, պատգամավորների՝ բանակային միջոցառումներին մասնակից լինելու հարցը՝ անձնակազմին, զինծառայողներին, զավակներին կորցրած ծնողներին ոգևորելու և համախմբելու նպատակով:

Անդրադառնալով սահմանին տիրող իրադրությանը՝ նախարարն ասել է, որ առաջնային գծում վիճակը լարված է, և որ ցանկացած ժամանակ «մեր հարևանները» կարող են սադրանքներ կազմակերպել, որոնք կարող են վերաճել պատերազմի:

«Բայց հանրապետության նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի հանդարտեցվի, և այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գլոբալ առումով լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր դեռևս գոյություն չունի», - ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանելով մի խումբ զինծառայողների՝ մարտական դիրքեր մեկնելու մասին տեղեկությունը՝ Օհանյանն ասել է․- «Գտնում եմ, որ այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի այն ռազմական վարպետության աստիճանը, գիտելիքները, հմտություններն ու ունակությունները, որոնք որ այնքան էլ քիչ չեն, քան մեր փորձառու զինծառայողներինը: Պարզապես մարտական գործողությունների փորձառությունը կարող է լրացնել, և փորձառու զինծառայողի հմտությունները, անցած ճանապարհն ու այսօրվա զինծառայողի պատրաստության բարձր մակարդակը այն համաձուլվածքն է, որը կարող է բերել միասնական հաջողությունների»:

«Նրանք գնացել են ոգևորելու մեր զինծառայողներին: Այդ միջոցառումները անհրաժեշտություն են, բայց այսօր բանակը առայժմ այս իրավիճակում առանց համալրման, առանց լուրջ մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման միջոցառումների՝ առկա ուժերով ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծելու: Դուք տեսաք, որ մենք նախահարձակ ենք, և մեր կողմից տրված հարվածները այնքան հուժկու են, որ նրանք պետք է խելքի գան: Բանակն այսօր իր առջև դրված խնդիրներն իրականացնում է լիարժեք», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Հանդիպումից հետո հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քննարկում են առաջիկայում խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

XS
SM
MD
LG