Մատչելիության հղումներ

Ռուս փորձագետը չի բացառում ղարաբաղյան պատերազմի վերսկսումը


Ռազմական հարցերով ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուեր

Ռազմական հարցերով ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուեր

Ըստ Ֆելգենգաուերի՝ Մոսկվան կանի ամեն ինչ կողմերին զսպելու համար։

Հավանական է, որ հայ-ադրբեջանական շփման գոտում լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսվեն։ Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ռազմական հարցերով ռուս փորձագետ Պավել Ֆելգենգաուերը։

«Եթե երկու կողմերն էլ չեն վախենում պատերազմից և այդ մասին հայտարարում են, ուրեմն ռազմական գործողությունների վերսկսումը հավանական է։ Այլ հարց է, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե, երբ կսկսվի այդ պատերազմը։ Այդ հարցին չեն կարողանա պատասխանել նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,- ասել է փորձագետն ու հավելել,-«Ինչպես նաև դժվար է ասել, թե լայնածավալ պատերազմի դեպքում, որ կողմը հաղթող դուրս կգա»։

Ըստ փորձագետի՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատրաստ են պատերազմի, ավելին՝ Բաքուն մեծ քանակի ռազմական տեխնիկա և զենք է ձեռք բերել՝ ժամանակակից տեխնիկա, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, թե պատերազմի դեպքում Բաքուն կլինի հաղթող։

«Ռազմական գործողությունները միշտ էլ իրենց սցենարով են ընթանում, կանխատեսումներն էլ միշտ չէ, որ արդարանում են, իսկ պատերազմ, մեծ հաշվով, ոչ ոք չի ուզում, այդ թվում նաև Մոսկվան։ Ռուսաստանին այսօր պատերազմ պետք չէ։ Պատերազմը Ղարաբաղում չի շեղի Արևմուտքի կամ Ռուսաստանի բնակչության ուշադրությունը Ուկրաինայից, փոխարենը մի շարք լուրջ պրոբլեմներ կառաջացնի Մոսկվայի համար, և այսօր Մոսկվան կանի հնարավորը կողմերին զսպելու համար»,- ասաց Ֆելգենգաուերը։

Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա ըստ փորձագետի, որևէ լուրջ առաջխաղացում այդ հանդիպումից պետք չէ ակնկալել։

«Մոսկվային այսօր ձեռնտու է Ղարաբաղի հարցում ստատուս քվոն և Պուտինը Ալիևին ու Սարգսյանին Սոչիում ռազմական գործողություններց զերծ մնալու կոչ է անելու ընդամենը»,- փոխանցեց փորձագետը։

Ֆելգենգաուերի կարծիքով, եթե այդուհանդերձ, պատերազմական գործողություններ վերսկսվեն, Ռուսաստանը կփորձի չեզոք դիրքորոշում պահպանել։

«Դաշնակցային պարտավորությունները Հայաստանի առջև Ղարաբաղի վրա չեն տարածվում։ Եթե Բաքուն ռազմական արշավ սկսի Երևանի դեմ, այո՛, ինչ-որ արձագանք կլինի Մոսկվայից, կամ, եթե, օրինակ՝ Թուրքիան որոշի միջամտել, ինչը թերևս պետք չէ բացառել, այդպես արդեն եղել է 1993 թվականին և ես դա հաստատ գիտեմ, երբ թուրքական ռազմական տեխնիկան պատրաստվում էր խառնվել հայ-ադրբեջանական հակամարտությանը, ռուսական Գլխավոր շտաբում այդ օրերին խառնաշփոթ էր։ Այնպես որ, իհարկե, պարտավորություններ Հայաստանի առջև Ռուսաստանն ունի, բայց ոչ Ղարաբաղի առջև. Մոսկվայի համար Ադրբեջանն այսօր ավելի կարևոր է, քան Ղարաբաղը»,- «Ազատության» հետ զրուցում ասաց ռազմական հարցերով փորձագետը:

XS
SM
MD
LG