Մատչելիության հղումներ

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ուկրաինային սահմանակից շրջաններում


Ռուսաստանն այսօր լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել երկրի կենտրոնական և Ուկրաինային սահմանակից արևմտյան շրջաններում:

Ռուսաստանի զինված ուժերի պաշտոնյաները հայտարարել են, որ զորավարժությունները շարունակվելու են 4 օր՝ օգոստոսի 4-ից 8-ը: Օդուժի մամուլի խոսնակ Իգոր Կլիմովը ասել է, որ զորավարժություններում ներգրավված է 100 մարտական օդանավ, որոնց մանևրները կոորդինացվելու են հակաօդային պաշտպանության համակարգերի հետ:

Զորավարժություններին մասնակցում են ռուսական օդուժի ժամանակակից մեքենաները՝ «ՍՈՒ-27», «ՄԻԳ-31» կործանիչները, նորագույն «ՍՈՒ-34» ռմբակոծիչը և մի քանի տեսակի մարտական ուղղաթիռներ:

Միջազգային գործակալությունները նշում են, որ Ռուսաստանը զորավարժությունները սկսում է Ուկրաինայի արևմտյան շրջաններում ահագնացող լարվածության օրերին՝ դա գնահատելով Ուկրաինային վախեցնելու նպատակով ուժի ցուցադրություն:

Ուկրաինայի արևելյան շրջաններում բախումները, մարտական գործողությունները սկսվելուց ի վեր Ռուսաստանը առաջին անգամը չէ, որ զորավարժություն է անցկացնում: Այս տարվա գարնանը Ռուսաստանը մեծ ուժեր էր կենտրոնացրել հենց սահմանի վրա, իսկ այս ամռան ընթացքում Ռուսաստանի կենտրոնական և արևմտյան զորախմբերի մարտական պատրաստվածության ստուգումներ էին անցկացվել, որին մասնակցել է մոտավորապես 60 հազար զինծառայող:

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական սահմանի այսօրվա վիճակին, հաղորդվում է, որ ԵԱՀԿ դիտորդները անվտանգության նկատառումներից ելնելով հեռացել են Գուկովո անցակետից:

Ռուսաստանի անվտանգության ֆեդերալ ծառայության խոսնակ Վասիլի Մալայևը ասել է, որ ուկրաինացի ավելի քան 400 զինվորներ, ներառյալ Ուկրաինայի սահմանապահ զորքերի 160 զինծառայող, անցել են Ռուսաստանի տարածք: Նա ասել է, որ ռուսական կողմը թույլատրել է նրանց անցանել սահմանը Գուկովո անցակատից ու մոտ ապագայում նրանց հետ են ուղարկելու Ուկրաինա:

Ըստ ուկրաինական կողմի հաղորդագրությունների՝ Ռուսաստանի տարածքից հրետանին կրակ է բացել զինվորականների վրա և նրանք սահմանը անցել են հրետակոծումից փրկվելու համար:

Ուկրաինայի հետ կապված այսօրվա նորություններից է նաև Ուկրաինայի և Բելառուսի նախագահների հեռախոսազրույցը: Ռուսաստանի սերտ դաշնակից Բելառուսը Ուկրաինային խոստացել է նավթամթերք մատակարարել: Ըստ պաշտոնական հաղորդագրության Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ զրույցում ընդգծել է, որ Բելառուսը հասկանում այդ հարցի հրատապությունը, կապված բերքահավաքի ժամանակաշրջանի հետ, և չնայած Բելառուսի կարիքներին՝ Ուկրաինայի տնտեսությանը կօգնի նավթամթերքով:

Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը նաև հաղորդում է, որ Լուկաշենկոն օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ և քննարկել, թե ինչպես կարելի է անել Ուկրաինայի իրավիճակը կարգավորելու համար:

Բելառուսը և Ղազախստանը Ռուսաստանի սերտ դաշնակիցներն են և հանդիսանում են Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության անդամներ:

(Ըստ «Ասոշիեյթե պրես», «Ֆրանսպրես», «Ռոյթերզ» և ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունների հրապարակումների)
XS
SM
MD
LG