Մատչելիության հղումներ

Եվրասիական միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ աշխատանքները սկսվել են


Ղազախստան – Եվրասիական միության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների միասնական ձեռքսեղմումը՝ ԵՏՄ հիմնադրման փաստաթղթերի ստորագրումից հետո, Անկախության պալատ, Աստանա, արխիվ

Ղազախստան – Եվրասիական միության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների միասնական ձեռքսեղմումը՝ ԵՏՄ հիմնադրման փաստաթղթերի ստորագրումից հետո, Անկախության պալատ, Աստանա, արխիվ

«Եվրասիական տնտեսական միությունը սկսում է աշխատանքները միասնական ֆինանսական շուկա և միասնական վճարման համակարգ ստեղծելու շուրջ, որոնց կհետևի արդեն միասնական արժույթի ստեղծումը»,- այսօր գրել Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթը՝ Российская газета-ն:

Պարբերականն նշում է, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի ֆինանսական սեկտորի՝ առաջատար բանկերի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո Պուտինի նախագծած ինտեգրացիոն այս գործընթացները առավել կարևոր ու պահանջված են դառնում:

«Շարքային սպառողները ամենայն հավանականությամբ չեն զգա «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Վնեշէկոնոմբանկի», ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցները, իսկ նրանք, ովքեր մտավախություններ ունեն, արդեն սկսել իրենց դրամը պահ տալ այլ վայրերում՝ Հոնկոնգում ու Չինաստանում»,- գրել է թերթը՝ միաժամանակ փաստելով, որ ասիական շուկաներն էլ որոշակի վտանգներ են պարունակում, և հիմա Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում՝ դրանք նվազագույնի հասցնելու համար:

«Եվրասիական տնտեսական միության կազմում արդեն սկսել ենք աշխատել միասնական ֆինանսական շուկայի ստեղծման շուրջ»,- թերթին ասել է Միության ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Բեմբյա Խուլխաչիևը: Վերջինիս նշել է, որ ԵՏՄ հիմնական նպատակներից մեկն է ընդարձակել ազգային արժույթների կիրառումը անդամ երկրների փոխադարձ հաշվարկներում:

«Ներկայումս ֆինանսական գործառույթներն իրականացվում են մոտավորապես այս համամասնությամբ ՝հիսուն տոկոսը ռուբլով, 40 տոկոսը՝ դոլարով, 8-9 տոկոսը եվրոյով և միայն մեկ տոկոսը՝ այլ ազգային արժույթներով: Մինչդեռ մեր գերնպատակն է հասնել նրան, որ փոխադարձ հաշվարկներում օգտագործվի միայն մասնակից պետությունների ազգային արժույթը՝ աստիճանաբար դուրս մղելով դոլարն ու եվրոն»,- ասել է Խուլխաչիևը:

Բացի այդ, ըստ պաշտոնյայի, սկսել են նաև աշխատանքները ԵՏՄ անդամ երկրների համար միասնական վճարային համակարգի ստեղծման շուրջ, և մասնագետներն արդեն մի քանի տարբերակ են գտել այս խնդրի լուծման համար: Նախատեսվում է, մասնավորապես, մշակել ֆինանսական չափորոշիչներ և կանոններ՝ Միության անդամ բոլոր պետությունների համար, իսկ Եվրասիական զարգացման բանկի հիման վրա էլ ստեղծել միասնական Հաշվարկային պալատ:

Կառավարական թերթի հետ զրույցում փորձագետներից մեկը մատնանշել է ևս մեկ խնդիր, որը նույնպես ռուս պաշտոնյաները ծրագրում են լուծել եվրասիական տնտեսական ինտեգրացիայի շնորհիվ:

«Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն աչքի են ընկնում կանխիկ փողի մեծ չափաբաժնով, և այստեղ անհրաժեշտ է լուծել անկանխիկ միջոցների խթանման խնդիրը: Ամենայն հավանականությամբ, հեռանկարում կդրվի միասնական արժույթի անցնելու հարցը, որը, Եվրոպայի օրինակով, կարելի է նախ մտցնել ոչ կանխիկ ձևով»,- թերթին ասել է փորձագետ Ալմա Օբաևան՝ ընդգծելով, որ այդ դեպքում առավել հրատապ կդառնա Եվրասիական տնտեսական միության վճարային համակարգի վերահսկողության նպատակով միջպետական, վերազգային ինստիտուտ ստեղծելու հարցը, այսինքն՝ անհրաժեշտություն առաջ կգա, որ միության անդամ պետությունները միասնական Կենտրոնական բանկ ստեղծեն:

Ռուսաստանի նախագահին կից Ազգային տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի պրոֆեսոր Վլադիմիր Սալամատովն էլ իր հերթին նշել է՝ միասնական արժույթի ներդրումը ոչ թե քաղաքական խնդիր է, այլ տնտեսական, որի անհրաժեշտությունը կա տնտեսական բարձր ինտեգրացիայի պայմաններում: Հենց դրան էլ պետք է Եվրասիական տնտեսական միության անդամները ձգտեն, ընդ որում՝ մի շարք ոլորտներում՝ սկսած միասնական տեխնիկական ընթացակարգերից մինչև ֆինանսական ոլորտի միասնական կանոնների ընդունում ու համապատասխանեցում: Սալամատովն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված թիրախային վերջին պատժամիջոցները կարող են խորացնել ինտեգրացիոն այս գործընթացները ետխորհրդային տարածքում:

XS
SM
MD
LG