Մատչելիության հղումներ

logo-print

Մովսես Հակոբյան. «Լեռնային Ղարաբաղում պատրաստ են պատերազմական գործողությունների»


Լեռնային Ղարաբաղի պաշպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի պաշպանության նախարար

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի խոսքով՝ ինչպես 90-ականների պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա Ադրբեջանի բանակը անպատրաստ է և չմտածված է գործում։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի խոսքով՝ ինչպես 90-ականների պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա Ադրբեջանի բանակը անպատրաստ է և չմտածված է գործում։

Վերջին 24 ժամվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ մոտ 12 հազար կրակոց է արձակվել։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը կիրառել է նաև խոշոր տրամաչափի զինատեսակ։ Հայկական կողմից, որպես պատասխան, մոտ 4000 կրակոց է արձակվել, ինչի արդյունքում հակառակորդը լռել է։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կրակոցները հատկապես շատ են եղել գիշերը. Ադրբեջանի զինված ուժերի թիրախում է եղել նաև խաղաղ բնակչությունը։

«Բոլոր գյուղերի ուղղությամբ էլ ինչ-որ բաներ եղել են՝ որոնք որ կրակագծի տակ են՝ մոտավորապես 20 գյուղեր, ուղղակի որոշ տեղերում՝ շատ, որոշ տեղերում՝ քիչ։ Բայց, հիմնական ծանրության կենտրոնը ոչ թե գյուղերի ուղղությամբ է, այլ դիրքապահների։ Զոհեր և վիրավորներ չունենք»,- փոխանցեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ հակառակորդը հիմնականում կրակել է Ղարաբաղի ուղղությամբ. հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի 90 տոկոսը Արցախի հատվածում։

Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների պատրաստ են։ Այս մասին հայտարարել է Ղարաբաղի Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ վերջին մի քանի օրերի ընթացքում «հակառակորդի անգրագետ և չհաշվարկվող գործողությունները ցույց են տալիս, որ նա ամեն ինչի ունակ է, մինչդեռ՝ եթե լայնամասշտաբ գործողություններ սկսեն, Ղարաբաղի զինուժը մտահոգվելու տեղ չունի»։

«Կարծում եմ, վերջին գործողություններից Ադրբեջանի ժողովուրդը պիտի հասկանա՝ ցանկացած արկածախնդրություն, իրենց ղեկավարի, ինչի ա բերում։ Ընդամենը քանակներն ա ավելանալու կորուստների, բայց մեր սահմանների փոփոխություն տեղի չի ունենալու։ Եթե փոփոխություն էլ տեղի ունենա, տեղի է ունենալու Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»,- ասել է Ղարաբաղի պաշտպանության նախարարը։

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ Ադրբեջանը պարզապես սադրում է և փորձում ապակայունացնել իրավիճակը, իսկ դրա համար մի քանի պատճառներ կան. առաջինը՝ բանակցային գործընթացում Ադրբեջանի անհաջողությունն է։

Լուրջ պատճառ է նաև նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով այսպիսի գործողություններով ցանկանում է ինքնահաստատվել և ապացուցել, որ նախորդից ավելի լավն է։

Փոփոխությունը զգացվում է նաև դիվերսիաների թվի ավելացմամբ, մինչդեռ, Հակոբյանի խոսքով, ամեն անգամ պատմությունը նույնն է՝ իրենք, հակառակորդին մեծ վնասներ պատճառելով, հետ են շպրտում։

«Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները որոշակի նաև պատժողական գործողություններ են իրականացրել՝ փորձելով հակառակորդին բացատրել, որ այս ճանապարհը բերում է նորից 1992-1994 թվականներին և նորից պսակվելու է 1994 թվականը։ Կարծում եմ, հակառակորդն արդեն պիտի որոշակի գնահատական տա և հասկանա, որ սա դառնալու է 1994 թվականի մայիսի 12-ը»,- նշել է Մովսես Հակոբյանը։

«Ինչպես 90-ականների պատերազմի տարիներին, այնպես էլ հիմա Ադրբեջանի բանակը անպատրաստ է և չմտածված է գործում»,- ասել է Պաշտպանության բանակի հրամանատարը։

Նա հիշեցրել է, որ առաջին գիծը կառուցված է պաշտպանության համար, այն անխախտելի է և որևէ մեկը չի կարող փոփոխել՝ «սա պետք է ընկալեն նաև Ադրբեջանում»։

Իսկ նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին Մովսես Հակոբյանը խելք է մաղթել։

«Մենք անելու ենք այն, ինչ որ գտնում ենք ճիշտ է։ Մենք անելու ենք այն, որպեսզի հակառակորդը զերծ մնա նմանատիպ գործողություններից։ Դա տարբեր բնույթի է լինելու՝ ինչպես հակառակորդին դիմավորելով մեր դիրքերում, ինչպիսին իրականացրել է մեր պաշտպանական շրջանի զինծառայողները տարբեր հատվածներում, այնպես էլ նաև կանխարգելիչ միջոցառումներ»,- հայտարարել է Հակոբյանը։

Պաշտպանության բանակի հրամանատարի համոզմամբ՝ հայկական Զինված ուժերը վերջին մի քանի օրերին պարզապես փայլուն կերպով են իրականացրել իրենց խնդիրը, սա ոգևորել է զինծառայողներին։ Գեներալի խոսքով՝ մեր բանակում երբեք մարտական ոգին այսքան բարձր չի եղել. բոլորը պատրաստ են պայքարել։

Նա խոստովանել է, որ նոր սերունդը իր ունակություններով մի քանի անգամ գերազանցում է նախորդներին։

«Ավելի պատրաստված է, ավելի խիզախ է, ավելի ճիշտ է գործում, քան մենք և մեր նախորդներն ենք գործել, և սա բնական է»,- ասել է գեներալը։

Մովսես Հակոբյանը ցավով է հիշել նաև հայկական բանակի կորուստների մասին։

«Զոհվածների ընտանիքներն այժմ պետք է ուշադրության կենտրոնում լինեն։ Նրանք պետք է հասկանան, որ իրենց որդիները անիմաստ չեն զոհվել, իրենք իրենց կյանքը նվիրաբերել են հայրենիքին և հենց այդ տղաների շնորհիվ է որ այսօր սահմանները պինդ են»,- ասել է Հակոբյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG