Մատչելիության հղումներ

Ավետիսյանի համախոհները համոզվել են՝ դատավճիռը քաղաքական էր


Հայաստան - Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) դատական նիստի ժամանակ, Երևան, 26-ը մայիսի, 2014թ․

Հայաստան - Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) դատական նիստի ժամանակ, Երևան, 26-ը մայիսի, 2014թ․

Ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը և համախոհները, ծանոթանալով նրա գործով առաջին ատյանի դատարանի վճռին, համոզմունք են հայտնում, որ այս գործը ոչ թե քրեական էր, այլ քաղաքական:

Մոտ կես ամիս առաջ՝ հուլիսի 17-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վեց տարվա ազատազրկման դատապարտեց ազատամարտիկների բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեջ մեղադրված ու կալանավորված Ավետիսյանին։

Պահեստազորի գնդապետի պաշտպան Արա Զաքարյանն արդեն ստացել է Ավետիսյանի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: «Ազատության» հետ նա զրույցում ասում է, որ եթե դատավորը գործեր օրենքի սահմաններում, ապա նրա շարադրած վճիռն այլ բովանդակություն կունենար: Վճիռն ընթերցելուց հետո պաշտպանի մոտ ավելի է ամրապնդվել համոզմունքը, որ իշխանությունները այս գործով պարզապես մեկուսացրեցին պահեստազորի գնդապետին, մտահոգություն ունենալով, որ նրա պայքարն էլ ավելի լայն թափ կստանա։

Արա Զաքարյանը պնդում է, որ դատավոր Լեւոն Ավետիսյանը չի հիմնավորել մեղադրանքը։

«Եթե դատավորը լիներ օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ, ապա պարտավոր էր վերլուծել ու հիմնավորեր, թե որ ցուցմունքներն է հիմք ընդունում որպես ապացույց», - ասում է նա՝ հավելելով, թե դատավորը հաշվի է առել միմիայն նախաքննության ժամանակ ձեռքբերված ցուցմունքները, այն էլ ոչ բոլորը, և հանգել եզրակացության, որ դրանք ճիշտ են ու դրանով տպավորություն ստեղծել, թե Ավետիսյանը մեղավոր է։

«Չի նշում ինչո՞ւ նախաքննական ցուցմունքներն է համարում հաստատված, այլ ոչ թե դատարանում տված ցուցմունքները: Ավելին՝ դատավճռի մեջ շատ կարևոր հանգամանքներ՝ վկաների կողմից տրված ցուցմունքներից շարադրված չէ», - ասում է Զաքարյանը:

Ավետիսյանի ընկերները և համախոհները, ովքեր մեկ տարի է պայքարում են նրա ազատության համար, ևս հայտարարում են, որ այս գործի քաղաքական լինելու մասին իրենց պնդումները էլ ավելի են հիմնավորվում վճռի բովանդակությանը ծանոթանալիս:

«Նման դեպքերում գրվում է, որ՝ այսինչ մարդը հստակ ապացուցված է՝ այս ձայնագրությունները ապացուցում են այն, որ խարդախությունը կատարվել է, գումարը փոխանցվել է, սա գումարն է, սա մատնահետքերն են, սա այն կապույտ գիծն է, երբ որ լույսով քսում-նայում են՝ ապացուցում է, որ փողը փոխանցված է: Այսինքն՝ ոչ մի բան չկա», - մեզ հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Հիշեցնենք, որ 4 ամիս տևած դատավարության ժամանակ վկաների մի մասն այդպես էլ չներկայացավ դատարան, իսկ դատարան եկածներն էլ հակասական ցուցմունքներ տվեցին։ Մասնավորապես, այս գործով առանցքային վկա Հենրիկ Զաքարյանը դատարանում հայտարարեց, որ Ավետիսյանին 2,000 դոլար է տվել ոչ թե թոռանը բանակից ազատելու համար, այլ որպեսզի Ավետիսյանը աջակցի նրան հիվանդանոցային հարցերում։

Մյուս վկաները՝ Ալբերտ Մաթոսյանն ու նրա կինը՝ Անժելա Պողոսյանը, հայտարարել էին, որ Ավետիսյանին էին դիմել, որպեսզի նրա օգնությամբ իրենց որդուն այլ զորամաս տեղափոխեն: Մինչդեռ այս վկաները դատարանում պատմել էին ժամեր շարունակ իրենց ոստիկանությունում պահելու ու այն մասին, որ քննիչը իրենց ոչ բոլոր ցուցմունքներն էր արձանագրել։ Պաշտոնաթող գնդապետի խոսքով՝ ամուսինները քննիչին ասել էին, որ Ավետիսյանին էին դիմել պարզելու, թե նա կարո՞ղ է օգնել փոխելու որդու զորամասը։ Ավետիսյանն էլ պատասխանել էր, որ նման հնարավորություններ չունի, կարող է ընդամենը օգնել նույն զորամասում այլ աշխատանք տալու հարցով։ Ամուսինները, սակայն, հրաժարվել էին այս տարբերակից և հարցը սրանով փակվել էր։ Մինչդեռ քննիչը սա չէր արձանագրել։ Մեղադրական եզրակացությունում այս դրվագի մասին նշված է, որ Մաթոսյանները Ավետիսյանին էին դիմել, որպեսզի նա 500 դոլարի դիմաց օգնի որդուն նույն զորամասում այլ աշխատանքի անցնելու հարցում։

«Դրա մասին քննիչին ասել են՝ քննիչը չի արձանագրել: Չի արձանագրել դիտավորությամբ, որպեսզի ցույց տա, որ տվյալ դեպքում որպես այդպիսին խարդախության փորձ է տեղի ունեցել», - ասում է Արա Զաքարյանը:

Ըստ պաշտպանի, վճռում տեղ են գտել խեղաթյուրված ապացույցներ, այսինքն՝ ինչը դատարանին ձեռնտու չի եղել, չկա վճռում, ինչը ձեռնտու է եղել, կա:

Զաքարյանը մեկ պատասխան ունի այն հարցին, թե ինչո՞ւ է դատավորը իր վճռում չի անդրադարձել այս և այլ հակասություններին, և սուտ վկայություն տալու համար քրեական պատասխանատվության չի ենթարկել վկաներին։

«Այսինքն՝ ի վերջո ջրի երես դուրս կգար այն, թե նախաքննության ընթացքում ինչ ապօրինի եղանակով է քննչական մարմինը վկաներից ցուցմունքներ կորզել: Այն, որ նրանց վրա ազդեցություն է եղել՝ դա ակնհայտ երևում էր: Սրա մասին էլ ոչ մի բան չկա դատավճռի մեջ», - ասում է նա:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը նաև բավարարեց դատախազի առաջարկը՝ կալանքի տակ թողնել Ավետիսյանին պատկանող բնակարանը այնքան ժամանակ, մինչև Ավետիսյանը ըստ մեղադրանքի Հենրիկ Զաքարյանից վերցրած 2.000 դոլարը չվերադարձնի պետական բյուջե։

Ավետիսյանի բազմանդամ ընտանիքում ոչ ոք չի աշխատում՝ նրանք ապրում են հողագործությամբ։ Որդին՝ Նորայր Ավետիսյանը, ասում է, թե չեն կարողանա վճարել այդ գումարը:

«Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է», - ասում է նա:

Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Ավետիսյանի պաշտպանի ու համախոհների դիտարկումներին ի պատասխան ասաց, որ եթե համաձայն չէ վճռին, կարող են այն բողոքարկել վերաքննիչ ատյան։

Վերաքննիչ բողոքում պաշտպան Զաքարյանը խնդրելու է կա՛մ բեկանել առաջին ատյանի որոշումն ու գործը ուղարկել նոր քննության, կա՛մ էլ վերաքննության կարգով քննել այն ու արդարացման վճիռ կայացնել։

XS
SM
MD
LG