Մատչելիության հղումներ

Աբրահամյան․ «Հույս ունենք, որ Սոչիում ձեռք կբերվեն կարևոր պայմանավորվածություններ»


Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը՝ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

«Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք և մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում օգոստոսի 8-9-ին, և «հույս ունենք, որ այդ հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն մեզ համար կարևոր պայմանավորվածություններ», շաբաթ օրը Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափով:

Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Կա զինադադարի համաձայնագիր, և Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք և մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է», - հայտարարել է վարչապետը:

«Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաև պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել և հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն և մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները», - ասել է Աբրահամյանը:

«Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի աճուրդին վերաբերող հարցին վարչապետը պատասխանել է. - «Պետությունը 20 միլիոն դոլարին համարժեք վարկ է տրամադրել, և գրավադրված է եղել Մարզահամերգային համալիրի շենքը: Գումարը ժամանակին չեն մարել, պետությունն իր փողն է պահանջում և համապատասխան մարմիններն զբաղվում են այդ գործընթացով»:

Խոսելով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրից՝ Աբրահամյանը նշել է. «Մեր այցի նպատակն է ուսումնասիրել տարածքները և փորձել այս երկու բնակավայրերում իրականացնել առաջարկվող ծրագիրը: Այս կարևոր ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 միլիարդ դրամ (148․15 միլիոն դոլար) է, առաջին փուլում նախատեսվում է ծախսել 3 միլիարդ դրամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG