Մատչելիության հղումներ

Կիրակոսյան. «Ադրբեջանը շատ հեռու է լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց»


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

Փորձագետի խոսքով՝ «ադրբեջանցիների նպատակը սահմանային հարձակումները ներքին քաղաքականությունում և ղարաբաղյան բանակցություններում օգտագործելն է»:

Նախորդ օրերի բախումները հայ - ադրբեջանական սահմանին և հակառակորդի քառապատիկ ավելի կորուստները ցույց տվեցին, որ մարտունակությամբ ադրբեջանական բանակը զիջում է հայկականին, և իրականությանը չեն համապատասխանում Ադրբեջանի ղեկավարության՝ վերջին տարիներին շարունակվող պնդումները, թե իրենց զինված ուժերը պատրաստ են պատերազմի: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման գնահատական տվեցին փորձագետները, իրենց ասածն այսպես հիմնավորելով՝ «նախահարձակ ադրբեջանական բանակը չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, իսկ հայկականը կարողացավ»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ տեղի ունեցած ռազմական գործողությունների բնույթը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի նպատակը ոչ թե ռազմական հաջողություն գրանցելն է, այլ՝ սահմանային այդ հարձակումները ներքին քաղաքականությունում և ղարաբաղյան բանակցություններում օգտագործելը:

«Կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի ունեցավ, այլև այն, ինչ տեղի չունեցավ: Մենք չտեսանք, որ Ադրբեջանը համակարգված ձևով օգտագործի հրետանին, տանկերը, օդուժը և ցամաքային զորքերը: Սա նշանակում է, որ նրանք շատ հեռու են լայնածավալ հարձակումներ ձեռնարկելուց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը։

Ըստ Կիրակոսյանի՝ այստեղ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի համեմատաբար նոր պաշտպանության նախարարի գործոնը. այս պաշտոնում Զաքիր Հասանովը նշանակվել է անցած հոկտեմբերին, և, Կիրակոսյանի համոզմամբ, սահմանին ադրբեջանական բանակի ակտիվությամբ Հասանովը փորձում է ամրապնդել իր դիրքերը Ալիև կրտսերի վարչակազմում։

«Տեղի ունեցածն իսկական ջախջախում էր»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այսինքն, ընդգծված ցույց տրվեց հայկական՝ Հայաստանի ու Արցախի բանակների և ադրբեջանական բանակի վիճակը: Ադրբեջանական կողմը փորձեց տպավորություն գործել հայկական կողմի վրա՝ մտնել ռազմական բախման մեջ, մուտք գործել հայկական տարածք: Բոլոր այդ փորձերը ձախողվեցին: Սա ջախջախիչ պարտություն է: Հայկական կողմի պաշտպանական գիծը ունակ եղավ հետ մղել զանգվածային հարձակում: Սա է գլխավոր դասը»,- ասաց Իսկանդարյանը։

Ռուս խաղաղապահներին Ղարաբաղո՞ւմ

Սպասվում է, որ օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները՝ բանակցություններ անցկացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, եթե Ռուսաստանը չի էլ նպաստում վերջին սրացումներին, ակնհայտորեն փորձում է օգտագործել այն՝ Հայաստանում և Ադրբեջանում իր ազդեցությունը ուժեղացնելու համար:

«Սոչիի հանդիպման նպատակը կողմերին ռուս խաղաղապահներ առաջարկելն է»,- կարծիք հայտնեց Մեհրաբյանը, - «Որովհետև հակառակ դեպքում, ցանկացած խաղաղ կարգավորման պլան ուղղակի չի աշխատի և, բնականաբար, Ռուսաստանը ձգտում է, որ այդ խաղաղապահները լինեն միայն և բացառապես իրենը, գոնե իր հրամանատարության ներքո»։

«Այսօր Ռուսաստանը ցանկանում է աշխարհին ներկայանալ հնարավորինս դրական իմիջով: Սա է Սոչիի նպատակը: Բայց մյուս կողմից, եթե Սոչիի հանդիպումը կայանա, կարծում եմ, չափազանց դժվար կլինի այնտեղ լուրջ դրական տեղաշարժ գրանցել»,- իր հերթին նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Նման խոսակցությունները լուրջ չեմ ընդունում: Ներկայիս քաղաքական իրավիճակում պատկերացնել, որ կլինի նման նախաձեռնություն և, որ այդ նախաձեռնությունը ինչ-որ մեկի կողմից կընդունվի, շատ դժվար է: Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս խնդիրներն ու իմիջը՝ ռուս խաղաղապահներին դեմ կլինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները: Այնպես որ, Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխումը ինձ լուրջ չի թվում»,-ասաց Իսկանդարյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG