Մատչելիության հղումներ

logo-print

«Մենք գյուղում կանգնած ենք պինդ»․ սահմանամերձ Բերքաբերի գյուղապետ


Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում են, որ չնայած հակառակորդի կողմից հաճախակի դարձած կրակահերթերին՝ չեն լքելու գյուղերը:

Օգոստոսի 2-ին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ գնալու համար դժվար էր փոխադրամիջոց գտնել։ Առավոտից մինչև կեսօր շարունակվող ինտենսիվ կրակահերթերի պատճառով տաքսիների վարորդները խուսափում էին ուղևոր տեղափոխել դեպի Բերքաբեր։ Իջևանից դուրս եկող ճանապարհին կանգնած ոստիկանները վարորդներին զգուշացնում էին Սարիգյուղից այն կողմ՝ դեպի Բերքաբեր չգնալ։

Ճանապարհին տաքսու վարորդը պատմում էր, որ հակառակորդը լուսարձակող փամփուշտներով կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ․ - «Երեկ իրիկունը երևի 10-ին 10 պակաս կլիներ, տրասիրը, էն ինչ ձևի էր տալիս, շուտ-շուտ լույսերն անջատել եմ, պապիրոսը, հեռախոսը, թեքվել եմ ու առանց լույսերի հասել Սարիգյուղ»:

Սարիգյուղից Բերքաբեր ստիպված էինք ոտքով հասնել։ Բերքաբերը ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։ Մեր այցելության պահին ինտենսիվ կրակահերթեր էին լսվում։

Գյուղացիներից մեկը, որը գյուղից դուրս էր բերել իր ընտանիքի անդամներին, ասաց, որ կրակում են ադրբեջանական դիրքերից՝ տարբեր տրամաչափի զենքերից։ Թեև այդ պահին անմիջապես գյուղի ուղղությամբ չէին կրակում, այդուհանդերձ, նախորդ օրերի կրակոցներից վնասվել էին մի քանի տների տանիքներ, պատեր ու պատուհաններ: Այս մասին պատմում էին գյուղացիներն ու մատնացույց անում հակառակորդի արձակած կրակահերթերի հետքերը․ - «Պատսպարվում ենք հարևանի պադվալում: Երեկ մեր կրիշին կպել ա, հեն ա, ծակ ա»:

Գյուղի կենտրոնում հավաքված էին տղամարդիկ, նարդի էին խաղում, զրուցում։ Նրանց հետ էր նաև Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը։ Ասաց, որ չնայած հնչող կրակոցներին՝ զանգվածային տարհանում գյուղում չկա․ գյուղացիներն իրենք են որոշում՝ մնա՞լ, թե՞ իրենց անվտանգության համար դուրս գալ գյուղից։

«Մենք մարդիկ չենք տարհանում, գյուղում կան փոքրիկ երեխեք, հարսներ, տարեց կին: Մարդիկ ուղղակի գյուղից դուրս են եկել, դա չի նշանակում, որ գյուղը լքել ա, մենք լքելու ոչ մի բան չունենք, մենք գյուղում կանգնած ենք պինդ՝ մի մարդու նման, ուղղակի, դե հիմի կռիվ ա․․․ Մենք հայրենասեր ժողովուրդ ենք՝ մեծից փոքր, ոչ մեկս փախչելու բան չունենք: Ամուր կանգնած ենք: Ուրախ կլինենք, եթե ապահովության համար զենք ունենանք, բայց բաժանեն էլ կլինի, չբաժանեն էլ կլինի, մեր գյուղացիներից ամեն մեկը զենք է, և մենք ունենք բանակ՝ պինդ, ամենքը իրենց գործը կատարում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետը:

Բերքաբերցիները չեն էլ ցանկանում լսել պատերազմի հնարավոր վերսկսման մասին։

«Մենք կանք, գոյություն ունենք, ու ոչ մի անգամ թուրքի մտքով չի կարա անցնի, որ կարող ա մեր գյուղը մտնի: Մենք կանգնած ենք ու պիտի կանգնենք», - ասաց գյուղացիներից մեկը:

Իջևանի ոստիկանապետը շրջում էր սահմանամերձ գյուղերով, զրուցում բնակիչների հետ, ոգևորում նրանց: Ոստիկանապետի հերթական կանգառը Բերքաբերում էր։

Բերքաբերից ուղևորվեցինք Մովսես գյուղ, որը ևս շատ մոտ է սահմանին։ Երևանից Մովսես ժամանած փոքրիկ Հովհաննեսը մատնացույց էր անում բարձունքը, որտեղից սովորաբար հնչում են կրակոցները, և ասում, որ կրակոցներից չի վախենում:

Մովսես գյուղի կենտրոնական փողոցը գտնվում է հակառակորդի դիրքերի ուղիղ նշանառության տակ։ Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում պատմում էր, որ փողոցում հենց իր կանգնած տեղը նույնիսկ վտանգավոր է, և հակառակորդի դիպուկահարը կարող է ցանկացած պահի կրակել:

Ադրբեջանական դիրքերից արձակված խոշոր տրամաչափի գնդակը խոցել էր գյուղացիներից մեկի ավտոտնակի դարպասը, որից մի քանի սանտիմետր հեռավորության վրա անցնում է գազի խողովակը: Այն բարեբախտաբար չէր վնասվել։

Մեր վերջին կանգառը Չինարի գյուղում էր։ Մի քանի օր էր կրակոցներ գրեթե չէին եղել։ Բայց նախորդած կրակոցների հետքերը դեռ թարմ էին։ Մոտ մեկ շաբաթ առաջ հակառակորդը կրակել էր դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ:

«Զոռով կոմբայնը փախցրի, գցեցի ձորը, փրկեցի, էլի, որ չտրաքացնեն», - «Ազատությանը» պատմեց Մովսեսի կոմբայնավարը:

Ուշ գիշերին Չինարիի տներից մեկի մոտ երեխաներ էին հավաքված։ Պարզվեց՝ նրանցից մեկը, անտեսելով կրակոցները, Մոսկվայից եկել էր ամառային հանգիստն իր բարեկամների հետ անցկացնելու: «Որ քիչ են կրակում, խաղում ենք, եթե շատ են կրակում, արդեն մտնում ենք տուն», - ասաց նա:

Բարեբախտաբար, օգոստոսի լույս 3-ի գիշերը Չինարիում անցավ առանց կրակոցների, և վաղ առավոտից մարդիկ դարձյալ անցան իրենց առօրյա գործերին։

XS
SM
MD
LG