Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը և ՄԽ համանախագահները կոչ են անում հարգել հրադադարը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ Բրյուսելում, 22-ը հուլիսի, 2014թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ Բրյուսելում, 22-ը հուլիսի, 2014թ.

Նրանք հորդորում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները։

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիոն խորը մտահոգություն են արտահայտել շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին բռնության ահագնացման կապակցությամբ, որը վերջին օրերին բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։

Նրանք հայտարարել են, որ խորապես մտահոգված են հայ - ադրբեջանական սահմանին տեղի բնակչությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելիս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ հստակ տարբերանշաններով ավտոմեքենայի գնդակոծման կապակցությամբ։ ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները խստորեն դատապարտել են քաղաքացիական անձանց միտումնավոր թիրախավորումն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա կրակ բացելը և հիշեցրել կողմերին նրանց պարտավորությունները ըստ Ժնևի կոնվենցիայի։

ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և հարգել հրադադարը։ Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունները միայն կդժվարացնեն երկարատև խաղաղության հասնելու շարունակվող ջանքերը, ընդգծել են նրանք՝ հորդորելով երկու երկրների նախագահներին հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն և հաշտեցում բերելու միակ ուղին են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG