Մատչելիության հղումներ

Վալերի Օսիպյանը և Շանթ Հարությունյանը զրուցել են Բաղրամյան 26-ի թեմայով


Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013
Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 5-ի գործով այսօր Կենտրոնի դատարանում ցուցմունք տվեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Երևանի փոխոստիկանապետը նոյեմբերի 5-ին իր և Շանթ Հարությունյանի խոսակցությունը ներկայացնելով՝ ասաց, թե առաջարկել է, որ երթ չանեն:

Շանթ Հարությունյանն Օսիպյանին փորձեց ավելի լավ հիշեցնել, թե իրականում ինչ են խոսել.- «Դուք ասացիք՝ գնալո՞ւ եք Բաղրամյան 26, ուզում եմ իմանամ, ճշտեմ, ես էլ ասացի՝ չէ, հետո ասացի՝ վատ միտք չէ։ Դուք էլ ասացիք՝ էս ի՞նչ ես ասում։ Ես էլ ասացի՝ կարող եք ձեր վերադասին զեկուցել, որ գնալու են Բաղրամյան 26, բայց իմ խաթր հրաժարվում է»։

Շանթ Հարությունյանը մի քանի անգամ կրկնեց հիշեցումը։ Օսիպյանը ասաց՝ նման բան չի հիշում։

Ինչ վերաբերում է տուժող ճանաչվելուն, Օսիպյանն ասաց, թե իր աչքերն էլ են մրմռացել, բայց հետո անցել է:

Ըստ տուժող Օսիպյանի, քաղաքացիական հագուստով օպերատիվ գործողություններ իրականացնելու պարտականություն ստանձնած երկու ոստիկանի ինքն է ասել՝ անհրաժեշտության դեպքում ներկայանալ:

Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի հարցերին ի պատասխան Օսիպյանն ասաց, թե չի տեսել, որ քաղաքացիական հագուստով այդ անձինք ներկայացել են այսօր ամբաստանյալի աթոռին նստած քաղաքացիներին:

Ի դեպ, ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Վարդան Վարդանյանը հարցադրում հնչեցրեց, որ եթե Օսիպյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններին հրահանգել էր շփման մեջ չմտնել բողոքի ակցիայի մասնակիցներին, ինչո՞ւ հանկարծ նրանք քաշքշուկ սկսեցին հիմա ամբաստանյալի աթոռին ծանր հոդվածով հայտնված Վահե Մկրտչյանի հետ։

«Ուրեմն մի բան եղել է, որ միջամտել են, հենց նենց չեն միջամտել»,- ասաց Օսիպյանը։

«Ուրեմն մի բան էղել է՝ ո՞րն է», - բորբոքվեց Շանթ Հարությունյանը։

Դատավորը Հարությունյանին դուրս հրավիրեց դահլիճից: Ընդմիջումից հետո նա վերադարձավ:

Օսիպյանին հարցեր ուղղեց ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Վահե Մկրտչյանի և Ալբերտ Մարգարյանի պաշտպան, ոստիկանության անձնագրային բաժնի նախկին պետ Հովհաննես Քոչարյանը: Նրա հարցերին ի պատասխան Օսիպյանն այդպես էլ չբացահայտեց՝ որ օրենքով, ինչ գաղտնի հրահանգներ պետք է կատարեին քաղաքացիական հագուստով ոստիկանները, և առհասարակ Օսիպյանն ի՞նչ լիազորություն ուներ գաղտնի օպերատիվ հանձնարարություններ տալու այդ ոստիկաններին։ Օսիպյանն ասաց՝ ինքը Երևանի փոխոստիկանապետն է: Փաստաբան Քոչարյանը, սակայն, պնդեց, որ օրենքով նա այդպիսի լիազորություններ չուներ:

Փաստաբանի հարցերի շարունակությունը կրկին վերաբերում էր նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ Օսիպյանի գործունեության օրինականությանը։

«Եթե ագրեսիվ տրամադրությունների մասին ինֆորմացիան ռեալ էր, ինչո՞ւ ձեր ենթակա ծառայողներին չէիք կարգադրել այդ օրը ծառայության ներկայանալ անհատական պաշտպանության միջոցներով՝ կրելով վահան, սաղավարտ, ռետինե մահակներ»,- հարցրեց Քոչարյանը։

«Էդքանով գնահատեցի տվյալ պահին ագրեսիվ իրավիճակը, որ դրա կարիքը չկար»,- պատասխանեց Օսիպյանը։

Պաշտպան Արա Զաքարյանին հետաքրքրում էր՝ եթե Օսիպյանն է հրահանգել, որ ոստիկանները քաղաքացիներին թույլ չտան դուրս գալ փողոց, այդ դեպքում ինչո՞ւ հենց ինքը, երբ Շանթ Հարությունյանի հետ քայլում էր, չի զգուշացրել: Այս և պաշտպանական կողմի մի շարք այլ հարցերի պատասխանը դատավոր Մնացական Մարտիրոսյանը կանխում էր: Փաստաբանը նկատեց, որ դատավորը հանում է այն բոլոր հարցերը, որոնք անհարմար դրության մեջ են դնում տուժող Օսիպյանին:

Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Ալեք Պողոսյանը Օսիպյանին հարցեր ուղղեց՝ փորձելով պարզել, թե նրա նկատմամբ եղբորորդու գործով քրեական հետևանքն ի՞նչ ազդեցություն ունի հիմա Կենտրոնի դատարանում ցուցմունքները ձևակերպելիս: Օսիպյանն այդ հարցերին չպատասխանեց:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց չորեքշաբթի:

XS
SM
MD
LG