Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակների լուսանկարները


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր»:

«ՊԲ առաջապահ զորամասերի կազմակերպված դիմադրության արդյունքում, հակառակորդը խուճապահար ելման դիրքեր փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է այդ զինատեսակների լուսանկարները և թվարկել դրանք. ադրբեջանական զինուժից առգրավված զինատեսակներն են՝ 1 ձեռքի հակատանկային նռնականետ, 2 ձեռքի նռնականետ (РГ-7 АТР), 3 թերմոբարիկ նռնակ, 3 պահեստատուփի պայուսակ, 3 վառոդային լիցք, 2 ձեռքի նռնականետ (РГ-6), 12 հատ БМГ-К տեսակի նռնակ РГ-6 ձեռքի նռնականետի համար, 2 ինքնաձիգ (АКМ, 7.62 мм), 20 ինքնաձիգի պահունակ, 100 և 200 փամփուշտ տեղավորող գնդացրային 1-ական պահունակ, 2 կապի միջոց (Тадиран ПНР-500), 2 հակատանկային ական (ТМ-57), 8 մեկանգամյա նռնականետի կոնտեյներ, 2 հակահետևակային ական (МОН-50), 2 ձայնալուսային նռնակ, 1 տափաշիշ, 1 հարձակողական նռնակ, 4 նռնակ РГД-5 տեսակի, 1 ջերմացուցային նշանոց՝ իսրայելական արտադրության, 1 ձեռնաշղթա, 2 լրակազմի համազգեստ, 1 ոտնակ, 1 հասարակ ջրի շիշ՝ փաթեթավորված մեկուսաժապավենով, 1 դաշտային պայմաններում վիրավոր դուրս հանելու պատգարակ:

«Հայկական դիրքապահների կողմից հակառակորդի թիկունքում գտնվող Սարիջալի բնակավայրի շրջանում դիտարկվել են նաև վայրէջք կատարող երկու ուղղաթիռներ, որոնք ամենայն հավանականությամբ ժամանել են վիրավորներին և զոհերի դիակները տեղափոխելու նպատակով»,- հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ արբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:

«Նշված գործողությունների ընթացքում, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, պաշտպանության բանակը տվել է մեկ զոհ, երեք զինծառայողներ էլ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG