Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը ձևական բնույթ է կրում


Փաստաբան․ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը ձևական բնույթ է կրում
please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00

Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը ձևական բնույթ է կրում, հայտարարեց Մոսկվայում Հայրապետյանին առաջադրված մեղադրանքին ծանոթացած փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Առաջադրված մեղադրանքում անգամ երևում է, որ գործողություն՝ Հայրապետյանի կողմից, խորհուրդ տալուց բացի, որևէ գործողություն չի մեղսագրվում: Այսինքն չկա մի փաստաթուղթ, որ ինքը ստորագրած լինի», - ասում է փաստաբանը:

Ըստ մեղադրանքի, Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռախիմովը, Լևոն Հայրապետյանին ներգրավել է իր ստեղծած հանցավոր խմբավորման մեջ՝ Բաշկիրիայի էներգետիկ համակարգում գտնվող մի շարք ընկերությունների բաժնետոմսեր հափշտակելու նպատակով: Հիշեցնենք՝ Հայրապետյանին առաջադրված պաշտոնական մեղադրանքը՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացումն ու յուրացումն է: Քննչական մարմինը ենթադրում է, որ Башнефть ընկերության արժեթղթերի վաճառքի ժամանակ տեղի են ունեցել մեքենայություններ և Հայրապետյանն այդ գործում եղել է միջնորդ և վաստակել է 50 միլիոն դոլար: Առաջադրված մեղադրանքում խոսվում է նաև այն մասին, որ Հայրապետյանը, պաշտոնատար անձանց ֆինանսական միջոցներ տրամադրելով, կրտսեր Ռախիմովին քրեական պատասխանատվությունից ազատելու փորձեր է կատարել, սակայն, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, գործում չկան կոնկրետ պաշտոնյաների անուններ: Հայրապետյանին կալանավորելու համար հիմք են հանդիսացել 1 անձի՝ մի շարք ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին այս հանգամանքը նույնպես կասկածելի է թվում․ - «Ցմահ, մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Այսինքն, եթե այդ մարդուն ինչ-որ մի բան խոստանան, հավատացեք՝ ձեզանից յուրաքանչյուրի վրա կարող է ինքը ցուցմունք տալ»:

Նիկոլայ Բաղդասարյանն այսօր պնդեց, որ Հայրապետյանին առաջադրված է ոչ թե հիմնական կասկածյալին՝ Ուրալ Ռախիմովին հանցակցելու, այլ օժանդակելու մեղադրանք: Ինքը՝ Ռախիմովը, հիշեցնենք, ազատության մեջ է, և ըստ որոշ տեղեկությունների՝ բնակվում է Ավստրիայում:

«Եթե պարոն Հայրապետյանը կատարել է այն, ինչ այդ ռուսական թերթերը թելադրում են, ապա իրենք պետք է մեղադրանք առաջադրվեր որպես հանցակցի, ոչ թե օժանդակողի», - ասաց նա:

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի միասնական շտաբի անդամներն այսօր ավելի մարտական էին տրամադրված: Օգոստոսի 13-ին Մոսկվայի քաղաքային դատարանում կքննարկվի գործարարին կալանավորելու թույլտվություն տված Բասմանի դատարանի բողոքարկված որոշումը: Մինչև այդ, կարծում են, Հայաստանում և Հայաստանից դուրս անհրաժեշտ է ցույցեր և երթեր կազմակերպել:

Ազգային անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանն անգամ առաջարկեց երթով գնալ դեպի Հայաստանի արտգործնախարարություն:

«Երթեր, շքերթներ կազմակերպենք Ռուսաստանի դեսպանատան առջև, և ինչու չէ՝ նաև մեր Արտաքին գործերի նախարարության դեմ, որպեսզի մեր նախարարը և Սփյուռքի նախարարությունը դիմեն իրենց դեսպաններին, իրենք էլ սատարեն», - ասաց նա:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց․ - «Եթե հանկարծ պարզ դարձավ, որ ոչ մի լուրջ բան չկա, բայց մարդուն կալանավորել են, մենք այդ դեպքում բոլորս կվերանայենք մեր տեսակետները և կդիտարկենք սա որպես քայլ հայության դեմ»:

Լևոն Հայրապետյանը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Այս հանգամանքը շտաբը նամակներով կհիշեցնի Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վալինկինին:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը մասնակցող քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատեց․ - «Գործը սկսվել է այն ժամանակ, երբ ադրբեջանաթուրք-ռուսական մեղրամիսի նոր շրջափուլ է նշանավորվել և ես հակված եմ մտածելու, որ գուցե ադրբեջանցիների օժանդակությամբ հենց Ռուսաստանի սեփական շրջանակների նախաձեռնությամբ սա Արցախի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու թեթև մի ձև է»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց՝ քննչական մարմինը Հայրապետյանին մինչև 1 տարի կարող է պահել կալանքի տակ, իսկ Հայրապետյանի առողջական վիճակը, շտաբի ներկայացուցիչների պնդմամբ, այնքան վատ է, որ նրան անհապաղ հարկավոր է ստացիոնար բուժում:

Լևոն Հայրապետյանին պատկանող Собеседник ռուսական պարբերականի թղթակիցը գործարարի առողջական վիճակին անդրադառնալով երկու օր առաջ իր հոդվածում հիշատակել էր Hermitage Capital ֆոնդի իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն, որը մահացավ հենց Матросская тишина մեկուսարանում:

XS
SM
MD
LG