Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունը փարատում է հայաստանցիների մտահոգությունները կապված էբոլա վիրուսի տարածման հետ։ Նախարարության հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման վտանգ մեր երկրում դեռևս չկա։

Էբոլա վիրուսը, որը փետրվարից արագորեն տարածվում է Աֆրիկայի արևմուտքում, արդեն 670 մարդու կյանք է խլել: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը:

Հայաստանցիներին այս օրերին էբոլայի վիրուսից առավել անհանգստացնում է էնտերովիրուսը։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց, որ չնայած հունիսի 1-ից արձանագրված ավելի քան 350 դեպքերի, էնտերովիրուսի համաճարակ Հայաստանում չկա։

Մասնագետների բնորոշմամբ, այս վիրուսները տարածվում են գրեթե բոլոր հնարավոր ճանապարհներով՝ օդի միջոցով՝ որպես օդակաթիլային ինֆեկցիա, շփման, կենցաղային ճանապարհով՝ ձեռքերի կամ տարատեսակ առարկաների միջոցով։ Այն կարող է նաև փոխանցվել աղիքային վարակներին բնորոշ ճանապարհով՝ սննդի միջոցով։

Նախարարը օրինակ բերեց հարևան Վրաստանը, որտեղ այս վիրուսի հազարավոր դեպքեր են արձանագրվել, և պնդեց, որ Հայաստանում վարակի դեպքերի նվազելու միտում կա՝ շնորհիվ մասնագետների ջանքերի:

«Եվ կարծում եմ, որ այս աշխատանքների արդյունքում էր, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում միտում կա նվազելու», - ասաց նա:

Իր առաջին մամլո ասուլիսին նախարար Մուրադյանը, խոսելով հայաստանյան առողջապահական համակարգի զարգացման խնդիրների մասին, հայտարարեց, որ ոլորտի լրջագույն խնդիրն է կոռուպցիան, ինչի դեմ, սակայն, փորձելու են պայքարել տարբեր միջոցներով:

«Խնդիրը պահանջում է վերլուծություն, թվայնացում և էլեկտրոնային առողջապահությունը, որը կմտնի կտրուկ կնվազեցնի այդ հնարավորությունները: Կլինեն, անպայման, խնդիրներ՝ այդ նորամուծության հետ կապված, որոշակի ընդվզում ակնկալում ենք նաև համակարգում այդ էլեկտրոնային նոր համակարգի ներդրման հետ կապված, բայց սա ժամանակի պահանջ է՝ ոչ միայն էլեկտրոնային ձևաչափի տեսքով, այլ նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված», - ասաց Մուրադյանը:

Նախարարը այս հարցում կարևորեց մի շարք փոփոխություններ, որոնցից է նաև կոռուպցիոն դաշտում ռիսկերի գնահատումը, հիվանդներին իրենց իրավունքների մասին իրազեկելը և այլն։ Նրա խոսքով, սեպտեմբերից կմեկնարկի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը, ինչը ևս հնարավորություն կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը առողջապահական համակարգում։

XS
SM
MD
LG