Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ՊՆ խոսնակ. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի կորուստն ութ չի, ավելի շատ է»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

«Դա իրենց անհեռատես քայլերի, սադրանքների արդյունքն է», - հայտարարում է Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչություններից ուրբաթ օրը հերքեցին ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր հայկական կողմը հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը դիվերսիոն հետախուզական գործողություններ է իրականացրել ղարաբաղա - ադրբեջանական սահմանի Աղդամի և Թերթերի ուղղություններով։

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական մամուլի տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Դա բացարձակ հերյուրանք է՝ կոնկրետ դիվերսիայի իրականացումը, Հայաստանի Զինված ուժերը ոչ մի դիվերսիայի գործողություն չեն իրականացրել: Ինչ մնում է հակառակորդի կորուստներին՝ այո, միգուցե հակառակորդն ունի այդքան ու է՛լ ավելի կորուստներ, ես կարծում եմ, որ կորուստն ութ չի, ավելի շատ է», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով․ - «Բայց դա իրենց անհեռատես քայլերի, սադրանքների արդյունքն է։ Երբ որ դիվերսիաներ էին իրականացնում, երբ որ հարձակումներ էին իրականացնում, անընդհատ հրադադարի ռեժիմի խախտումներ են իրականացնում, թող մտածեին, որ կորուստները երկուստեք են լինում, պատասխանատվությունը իրենք պետք է կրեն դրա համար։ Հակառակորդը տարբեր տեղամասերում մշտապես փորձում է դիվերսիաներ իրականացնել»։

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ հայկական Զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել:

Ադրբեջանական կողմի վկայությամբ՝ 8 զինվորներ, որոնցից 6-ը՝ ժամկետային, 2-ը՝ պայմանագրային զինծառայողներ, զոհվել կամ մահացու վիրավորվել են անցած գիշեր, երբ հայկական ստորաբաժանումները «փորձել են ներթափանցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» Աղդամի և Թերթերի շրջաններում:

Նույն աղբյուրի պնդմամբ՝ այդ փորձը կանխվել է, և կատաղի փոխհրաձգությունից հետո «թշնամական ստորաբաժանումները լուրջ կորուստներ են կրել ու նահանջել»: «Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը ևս կորուստներ են կրել», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական զինված ուժերի մի ենթասպա էլ, այդ երկրի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հայկական կողմից արձակված կրակոցով սպանվել է երեկ ժամը 20-ին հայ - ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի տարածքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որում պնդում է, որ ադրբեջանցի 8 զինծառայողները զոհվել են վերջին երեք օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում էլ մասնավորապես ասվում է, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ և կրելով բազմաթիվ կորուստներ` հետ շպրտվել:

ԼՂ ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից մեկը

ԼՂ ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից մեկը

Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ հարձակման ենթարկված տեղանքը ամբողջությամբ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ, որոնց մի մասի լուսանկարները այսօր հրապարակվել են Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքէջում:

«Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունում։

Ի դեպ, Պաշտպանության բանակին մոտ կանգնած վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ ադրբեջանական բանակը երեկվա միջադեպի հետևանքով կորցրել է 14 զինծառայող։

Երեկ ադրբեջանական դիրքերից դարձյալ կրակել են Տավուշի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ։ Բարեկամավանում, ըստ գյուղապետ Գագիկ Աբազյանի, կրակոցները մի քանի ժամ են շարունակվել։

«Կրակոցները սկսել են երեկ` ժամը հինգից հետո և տևել են մինչև ժամը 11-ը: Բարեբախտաբար մեծ վնասներ չունենք, ուղղակի մի քանի տանիքներ են վնասվել, իսկ այսօր առավոտ կրակոցները ժամը հինգից են սկսվել՝ մինչև ժամը ութն են տևել, էլի ոչ մի վնաս չունենք, այս պահի դրությամբ վիճակը խաղաղ է»,- փոխանցեց գյուղապետը։

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ գյուղի երեխաները տարհանվում են, Բարեկամավանի գյուղապետը պատասխանեց. - «Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում. ամեն մարդ իր տեղում է, գյուղում խուճապ չկա, ամեն ինչ նորմալ է, այս պահի դրությամբ ամեն ինչ նորմալ է, կրակոցներ չկան»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG