Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը փորձում է մոլորեցնել մեր հանրությանը»


Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ` Ադրբեջանը իր դիվերսիոն հարձակումներով և հայկական բնակավայրերը պարբերաբար գնդակոծելով փորձում է խուճապ առաջացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում:

«Սահմանին լարվածությունը շարունակելու է աճել, Ադրբեջանը այժմ պրոպագանդում է իր ուժը՝ փորձելով մոլորեցել մեր հանրությանը, թե ուր որ է հարձակում են գործելու: Նրանք նաև ուզում են իրենց հանրությանը ցույց տալ, թե պատրաստ են պատերազմի և վաղ թե ուշ այդ տարածքները ետ են բերելու: Բայց քանի որ Ադրբեջանն իրականում պատրաստ չէ ռազմական լայնածավալ գործողությունների, հետևաբար հատուկ հետախուզական խմբեր է ձևավորում, որոնք պարբերաբար փորձելու են սադրանքներ իրականացնել Հայաստանի և Ղարաբաղի սահմաններին»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Տեր-Թադևոսյանը, ով այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղում:

Նշենք, որ Ղարաբաղի պաշտպանական բանակի փոխանցմամբ նախօրեին ադրբեջանական ուժերի հարձակման հետևանքով զոհվել են երկու հայ զինծառայողներ։ Ադրբեջանն իր հերթին դիվերսիոն հարձակման մեջ մեղադրում է հայկական ուժերին՝ տեղեկացնելով, որ ունի ինը զոհ: Վերջին օրերին գնդակոծվում են նաև հայկական բնակավայրերը՝ Տավուշի մարզի գյուղերը: Արկադի Տեր-Թադևոսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմը հիմնականում դիրքային առավելություններ ունի Ադրբեջանի նկատմամբ և հետևաբար կարող է ավելի շատ կրակել, ավելի մեծ վնասներ հասցնել ադրբեջանական բնակավայրերին և բնակչությանը, սակայն հայկական ուժերը մարդասեր են:

«Ելնելով հենց մարդասիրությունից մենք չենք կրակում խաղաղ բնակիչների վրա»,- ասում է գեներալ-մայորը՝ ընդգծելով, որ փոխարենը Ադրբեջանը ուժեղացրել է հայկական գյուղերի ուղղությամբ գնդակոծությունները՝ նկատի ունենալով, որ այժմ բերքահավաքի շրջան է, գյուղացիներին պարզապես թույլ չեն տալիս իրենց դաշտերում աշխատել։

«Նրանք՝ սրիկաները կրակում են, դա նրանց քաղաքականությունն է, նրանք ինչպես որ եղել են գազաններ, այդպես էլ մնում են, բայց դրա վերջն էլ կգա, այդ ուղղությամբ աշխատանքներն են տարվում»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանն, անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներին, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով նախօրեին ադրբեջանական կողմն է նախահարձակ է եղել, որի հետևանքով հայկական կողմը տվել է 2 զոհ:

Դրան ի պատասխան արդեն անցած գիշեր հայկական ուժերը տարբեր ուղղություններով հակահարձակում են իրականացրել, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը կրել է ծանր կորուստներ կրել: Ոչ պաշտոնական տվյալներով 14 ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Ադրբեջանական կողմը սա համարում է ամենամեծ կորուստը 94 թվականի հրադադարից հետո։ Մինչդեռ փորձագետի համոզմամբ՝ նման մեծածավալ կորուստներ Ադրբեջանն ունեցել է է նաև 2008-ի մարտի 2-ին և 2012-ին՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի նախօրեին իրականացված հարձակումների ընթացքում:

«Երեկ միանգամից մի քանի ուղղությամբ՝ և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումները, և հայկական Զինված ուժերը արդեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հակահարձակման գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում ադրբեջանական փորձագետների զինվորականների գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը կրել է ամենամեծ կորուստները 94 թվականի զինադադարից հետո»,- ասաց փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հայկական կողմի հակահարված տալու մարտավարությունը զսպիչ դերակատարություն ունենում, Սերգեյ Մինասյանն ասաց, թե ռազմական տեսանկյունից դա միակ արդյունավետ քաղաքականությունն է: Բայց դրա հետ մեկտեղ հայկական կողմը պետք է քաղաքական և դիվանագիտական հակաքայլեր ձեռնարկի։

«Ադրբեջանցիները պետք է իմանան, որ եթե այդ հետագա ռազմական էսկալացիա տեղի ունենա, ապա հայկական կողմը կարող է օգտագործել առիթը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինչ-որ աստիճանի ճանաչման համար կամ այլ քայլեր կատարի, որոնք ցանկալի չէին լինի ադրբեջանական կողմի, նույնիսկ դիտորդների համար։ Հայկական կողմը կարող է զգուշացնել, որ եթե շարունակվեն զոհվել մեր զինվորները, ապա կարող է գնալ քաղաքական քայլերի»,- ասաց Մինասյանը։

Չնայած սահմանին լարված իրավիճակին, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն համոզմամբ՝ չկան ռազմական և քաղաքական այն նախադրյալները, որոնք կարող են պատերազմական լայնածավալ գործողությունների հանգեցնել: Պատերազմ սկսողը՝ տվյալ դեպքում Ադրբեջանը, պետք է նախևառաջ համոզված լինի, որ ռազմատեխնիական բալանսը խախտված է հօգուտ իրեն:

«Խոսքն այն մասին է, թե արդյոք զինամթերքի այն գնումները, որոնց իրականացնում են վերջին տարիներին Ռուսաստանից, Իսրայելից, Ուկրաինայից, այլ երկրներից, բերել են բալանսի փոփոխություն, թե՝ ոչ։ Ես այս պահին չեմ տեսնում, որ որակական որևէ ձևով ռազմատեխնիկական բալանսը Ադրբեջանի օգտին խախտվել է։ Երկրորդ՝ եթե ունենա բացարձակ քաղաքական աջակցություն միջազգային հանրության կողմից... այստեղ նույնպես Մինսկի խմբի դեպքում մենք ունենք գրեթե լիովին կոնսենսուս առնվազն եթե ոչ խաղաղ կարգավորման վերջնական նպատակի շուրջ, այլ գոնե այս փխրուն հրադադարի ռեժիմի պահպանման առումով։ Ես փոփոխության որևէ նախադրյալ չեմ տեսնում ոչ ռուսական, ոչ ամերիկյան, ոչ ֆրանսիական կողմից»,- ընդգծեց Մինասյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG