Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակի 9 զինծառայող է զոհվել, 5-ը՝ վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Բաքվի պնդմամբ՝ դեպքերը տեղի են ունեցել անցած գիշեր, մինչդեռ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը երեկ էր հաղորդել ադրբեջանցիների հարձակումը ետ մղելու մասին:

Հայկական զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով 9 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմի վկայությամբ՝ 8 զինվորներ, որոնցից 6-ը՝ ժամկետային, 2-ը՝ պայմանագրային զինծառայողներ, զոհվել կամ մահացու վիրավորվել են անցած գիշեր, երբ հայկական ստորաբաժանումները «փորձել են ներթափանցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» Աղդամի և Թերթերի շրջաններում: Նույն աղբյուրի պնդմամբ՝ այդ փորձը կանխվել է, և կատաղի փոխհրաձգությունից հետո «թշնամական ստորաբաժանումները լուրջ կորուստներ են կրել ու նահանջել»: «Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը ևս կորուստներ են կրել», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական զինված ուժերի մի ենթասպա էլ, այդ երկրի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հայկական կողմից արձակված կրակոցով սպանվել է երեկ ժամը 20-ին հայ - ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի տարածքում:

Լեռնային Ղարաբաղի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից մեկը

Լեռնային Ղարաբաղի ՊՆ կայքում հրապարակված լուսանկարներից մեկը

Հայկական կողմը նախորդ գիշեր տեղի ունեցած որևէ միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն առայժմ չի տարածել: Փոխարենը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան ադրբեջանցիների հարձակման մասին իր երեկվա հաղորդագրության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքման, այսօր հրապարակել է հարձակում գործած ադրբեջանական խմբից առգրավված իրեղեն ապացույցների մի մասի լուսանկարները:

Հիշեցնենք՝ Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը երեկ հաղորդեց, որ նույն օրը հակառակորդը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: «Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ», - ասված էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ պնդում էր, թե հայկական կողմի տեղեկատվությունը «անհիմն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG