Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանը պատժամիջոցները շրջանցելու համար կփորձի «օգտագործել Հայաստանին»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար կփորձի օգտագործել Հայաստանին:

Բագրատյանի կարծիքով՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով է Միացյալ Նահանգների դեսպանատունը զգուշացրել Հայաստանի կառավարությանը և գործարարներին հնարավոր ռիսկերի մասին, եթե նրանք համագործակցեն պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ:

«Ամերիկայում երևի հասկանում են, որ Հայաստանը կփորձի ծառայել, ինչպես ես եմ սիրում ասել՝ ֆորտուշկի դեր խաղալ։ Այսինքն ռուսական շատ ընկերություններ, հնարավորություն չունենալով հարցերը անմիջականորեն լուծել Արևմուտքում, կարող են դա փորձել անել հայկական ընկերությունների միջոցով։ Զորօրինակ, հայկական որևէ առևտրային բանկում կարող են ներգրավել վարկային միջոցներ և տրամադրել ռուսական այն բանկերին, որոնք մտել են ամերիկյան ցուցակ։ Ամերիկացիները մեզ զգուշացնում են այդ մասին»,- ասաց Բագրատյանը՝ շարունակելով. - «Կամ կալանքներ են դրված ռուս պաշտոնյաների առաջ, նրանցից ոմանք կարող են որոշել դեպոզիտներ դնել հայկական բանկերում, իրենց փողը հանել արտասահմանից, բերել, դնել հայկական բանկում։ Ամերիկացիները մեզ զգուշացնում են, որ այդ դեպքում արդեն սանկցիաներ կհրապարակվեն հայկական ընկերությունների կամ Հայաստանի առանձին գործարարների նկատմամբ, որոնք կփորձեն այս իրավիճակում ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանել»։

Այն, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների և Եվրամիության սահմանած խիստ պատժամիջոցները իրենց ազդեցությունն են թողնելու Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ռուսական պետական կապիտալով Հայաստանում գործող բանկերի վրա, Հրանտ Բագրատյանի համոզմամբ միանշանակ է:

Նշենք, որ պատժամիջոցների տակ հայտնված «Գազպրոմբանկ»-ն ու «ՎՏԲ»-ն ներգրավված են Հայաստանում: Մասնավորապես, Հայաստանում գործող «Առեքսիմբանկ»-ի 100 տոկոսանոց սեփականատերը «Գազպրոմբանկ»-ն, իսկ «ՎՏԲ Հայաստան»-ի սեփականատերը ռուսական «ՎՏԲ» բանկն է։

Թեև Հայաստանում գործող այս ընկերությունները վստահեցնում են, թե պատժամիջոցները իրենց վրա չեն ազդի, սակայն նախկին վարչապետը ընդգծում է՝ Հայաստանում գործող այդ բանկերը հանդիսանում են ռուսական բանկերի ակտիվները, հետևաբար պատժամիջոցները կտարածվեն նաև նրանց վրա:

«Եվ նրանց վրա ամբողջովին տարածվում են այդ պատժամիջոցները։ Հաճախ նրանք, երբ վարկային ռեսուրսները չէին հերիքում, օրինակ, Թեղուտի ֆինանսավորման դեպքում, իրենց մայր բանկից էին վերցնում փողը։ Հիմա իրավունք չունեն վերցնելու»,- ասաց նախկին վարչապետը։

Բագրատյանը ընդգծում է՝ գալիք տարվանից Հայաստանի տնտեսությունն իր վրա կզգա Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների բացասական ազդեցությունները: Ռուսաստանի առանց այն էլ անկում ապրող տնտեսությունը, որն անցած 6 ամիսների ընթացքում 0-ական աճ է ունեցել, արևմտյան պատժամիջոցների հետևանքով ավելի է տուժելու, այդ ամենն իր ազդեցությունը կթողնի Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ու նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտների վրա, որոնք տարեկան կազմում են մոտ 1.5-2 միլիարդ դոլար:

«Ռուսաստանի ձեռնարկությունները արտադրում են Հայաստանի ՀՆԱ-ի 17 տոկոսը։ Եթե սանկցիաները շատ խորանան, երկար տևեն, ստիպված կլինեն միջոցները տալ Ռուսաստանին, իսկ մինչ այդ Ռուսաստանից էին այստեղ միջոցներ գալիս։ Նրանք Հայաստանում կտրուկ կդադարեցնեն վարկավորումը, ծավալները կիջեցնեն։ Սա առաջին և ամենալուրջ հարվածն է։ Մենք շուտով կզգանք տրանսֆերների [նվազեցումը], և երրորդը՝ այնուամենայնիվ, փոքր արտահանում ունենք դեպի Ռուսաստան, այդ ընկերությունները կզգան վաճառքի դժվարություններ։ Օրինակ, կոնյակ արտահանողներին սպասվում է հարված, որովհետև Ռուսաստանին դժվար տնտեսական օրեր են սպասվում և դժվար տնտեսական օրերին մարդիկ կոնյակ չեն խմում։ Լավագույն դեպքում կխմեն էժան օղի»։

Հաշվի առնելով այս ամենը՝ Հրանտ Բագրատյանը պարզապես անթույլատրելի է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, քանի որ Հայաստանը մտնում է մի միություն, որն ամբողջությամբ պատժամիջոցների տակ է հայտնվելու.- «Որպեսզի մենք հիմա ընդհանրապես հիմար վիճակում չհայտնվենք, բացարձակապես անկապություն կլիներ ԵՏՄ մտնելը։ Մտնելով ԵՏՄ՝ մենք կբարդացնենք Հայաստանի տնտեսական վիճակը»։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք արևմտյան պատժամիջոցները կարո՞ղ են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառ դառնալ, Բագրատյանն ասաց, թե հակառակը՝ այժմ Ռուսաստանը ամեն ինչ անելու է գործընթացն արագացնելու համար: Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր արդեն հայտարարեց ՝ Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:

«Հիմա արդեն ռուսական կողմը կփորձի շտապել ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը հիմա որևէ ակտիվ քայլ պետք է անի դեպի ԵՏՄ։ Ես չեմ ասում՝ մեր դիմումը ետ վերցնենք... Հայաստանը հիմա շրխկալեն պիտի հայտարարի՝ ոչ մի մաքսակետ Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Հավատացնում եմ՝ հիմա կհամաձայնեն»,- ասաց նախկին վարչապետը։

XS
SM
MD
LG