Մատչելիության հղումներ

Ոչ մի օր առանց պատժամիջոցների. ԵՄ-ի «սև ցուցակը» ընդլայնվել է


Ոչ մի օր առանց պատժամիջոցների. երեկ Եվրամիությունը սահմանափակումներ մտցրեց ևս 3 ռուսական ընկերությունների և 8 անհատների նկատմամբ:

Բրյուսելի «սև ցուցակն» այս անգամ համալրեցին Կրեմլին մոտ կանգնած չորս օլիգարխներ, այդ թվում՝ Պուտինի մերձավոր բարեկամ, ձյուդոյի մարտընկեր Արկադի Ռոտենբերգն ու «Ռոսսիա» բանկի խոշորագույն բաժնետեր ու տնօրենների խորհդրի նախագահ Յուրի Կովալչուկը:

62-ամյա Ռոտենբերգն իր միլիարդները կուտակել է «Գազպրոմ»-ին խողովակաշարեր մատակարարելով, և հիմա էլ պետպատվերի շրջանակում կամուրջ է կառուցում Ռուսաստանից դեպի Ղրիմ:

Յուրի Կովալչուկը առաջատար բանկի համասեփականատերը լինելուց բացի նաև հայտնի մեդիամագնատ է, տնօրինում է մի շարք հեռուստաընկերություններ, թերթեր ու ինտերնետային պարբերականներ, որոնք ակտիվորեն զբաղված են Կրեմլի քարոզչությամբ, և ըստ Եվրամիության, նպաստում են ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը:

«Սև ցուցակում» են նաև Պուտինի նախկին մամլո խոսնակը՝ Ալեքսեյ Գրոմովը, ով ներկայումս բարձր պաշտոն է զբաղեցնում նախագահի աշխատակազմում, Ղրիմի ներքին գործերի նախարար Սերգեյ Աբիսովը և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Բորիս Լիտվինովը:

Վերլուծաբանները փաստում են, որ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների այս հերթական փաթեթեն ընդունվեց Ռուսաստանի տնտեսության համար բավական բարդ ժամանակաշրջանում։ Ուկրաինական ճգնաժամն առանց այդ էլ ստիպել էր ներդրողներից շատերին վերանայել իրենց բիզնես ծրագրերն ու միլիարդավոր դոլարներ հանել երկրից։ Մոտավոր հաշվարկներով այս տարվա 6 ամիսներին արդեն Ռուսաստանից դուրս է տարվել մոտ 75 միլիարդ դոլար, ինչը գերազանցում է անցած ողջ տարվա ցուցանիշը: Արդյունքում ռուբլին մոտ տասը տոկոսով էժանացել է, ներմուծվող ապրանքները՝ թանկացել:

«Եվ սա դեռ վերջի սկիզբն է միայն»,- ասում է Ռուսաստանի առաջատար ֆինանսական կորպորացիաներից մեկի փորձագետ Ալեքսեյ Դեվյատովը՝մանրամասնելով.- «Ֆինանսների նախարարությունը կողմ է արտահայտվել մի շարք հարկատեսակների բարձրացմանը, այդ թվում՝ ավելացված արժեքի ու եկամտահարկի, ինչն անկասկած բացասաբար կազդի տնտեսության վրա և կհանգեցնի գնաճի, քանի որ բիզնեսը կփորձի դա փոխհատուցել գների բարձրացման հաշվին»:

«Վտանգը միայն պատժամիջոցները չեն, հարցն այն է, որ Արևմուտքն այժմ հստակ ազդակ է հղում գործարարներին՝ Ռուսաստանում ներդրումներն անելն այլևս վտանգավոր է»,- ասում է «Օքսֆորդ էկոնոմիքս»-ի առաջատար տնտեսագետ Ադամ Սլաթերը և հավելում.- «Մինչև պատժամիջոցների վերջին փաթեթը մենք ընդհանուր առմամբ կանխատեսում էին, որ տնտեսական աճն այս տարի Ռուսաստանում կկազմի 0,2 տոկոս, ինչն արդեն իսկ մոտ էր զրոյական ցուցանիշին: Հիմա, սակայն, լուրջ վտանգ կա, որ Ռուսաստանը այս տարի տնտեսական անկում ունենա»:

Արևմտյան առաջնորդները չեն թաքցնում, որ նպատակ ունեն այս պատժամիջոցներով առաջին հերթին ռուս օլիգարխների զայրույթը շարժել և դրանով սասանել իշխանության դիրքերը Կրեմլում:

«Հենց օլիգարխները հասկանան, որ Պուտինի օրոք տնտեսական բարեհաջող ապագա չունեն, կսկսեն ճնշումներ գործադրել նախագահի վրա, որ վերջինս փոխի իր ընտրած քաղաքական կուրսը»,- նախօրեին «Շպիգել»-ին ասել էր Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը:

«Թայմ»-ի հաղորդմամբ, մի խումբ ռուս օլիգարխներ արդեն սկսել են փաստաբաններ վարձել՝ իրենց շահերը պաշտպանելու համար:

Պաշտոնական Մոսկվան առայժմ արձագանքում է արտգործնախարարության հայտարարություններով ու սանիտարահիգիենիկ ծառայության արգելքներով: Այսօր, մասնավորապես, հայտնի դարձավ, որ Ռոսպոտրեբնադզորը կարող է հաջորդ շաբաթվանից արգելել Միացյալ Նահանգներից թռչնամսի ներմուծումը և սահմանափակումներ մտցնել հունական մրգերի վրա:

Ավելի վաղ արգելանք էր սահմանվել նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կնքած Ուկրաինայից ներմուծվող կաթնամթերքի, ձկնեղենի, հյութերի ու մանկական սննդի վրա:

XS
SM
MD
LG