Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը հետաքննում է ծառահատումները Նոր Նորքի այգում


Մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում Երևանի իշխանությունները ծառ են արմատախիլ անում, որպեսզի նույն տեղում այգի կառուցեն։ Օրերս համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է տրակտորը մի ծառ արմատախիլ անում, իսկ մյուսի վրա հող լցնում։

Չնայած քաղաքային իշխանությունների այն պնդումներին, թե բնությանը վնաս չի հասցվում, այսօր «Ջրաշխարհի» հարևանությամբ գտնվող այգի մեր այցելության պահին այնտեղ էին ոստիկանության ներկայացուցիչները։ Նրանք չափումներ էին կատարում և ուսումնասիրում տարածքը։ Մեկնաբանություններից հրաժարվեցին: Մինչդեռ տեղում աշխատող բանվորներն ասացին, որ ոստիկանները ծառահատումների գործով են այդտեղ։

Երևանի քաղաքապետարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ նշված հատվածում ավագանու որոշմամբ այգին բարեկարգվում է, նախատեսվում է, որ կանաչապատ տարածքում ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս և զբոսուղիներ կկառուցվեն։ Տեղում աշխատանքները վերահսկող Նոր Նորք վարչական շրջանի ներկայացուցիչ Արմեն Ալավերդյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բարեկարգումը կատարում են այն հատվածներում, որտեղ գրեթե ծառ չի եղել, իսկ եղածներն էլ տեղափոխել են։ Բայց և չհստակեցրեց, թե ուր են տեղափոխել։

«Հարթեցման աշխատանքները ամբողջությամբ ավարտված են: Վերջացավ», - ասաց նա:

Ալավերդյանը պատմեց, որ բարեկարգելու են 12 հեկտար զբաղեցնող այգու գրեթե կեսը։

Ավելի վաղ հրապարակված տեսանյութում երևացող այգու հատվածում արմատախիլ արված ծառը գտնել չհաջողվեց, փոխարենը՝ նույն տարածքում գտնվող մեկ այլ ծառի հարևանությամբ հողը փորված էր, ծառի արմատներն էլ՝ վնասված։

Վարչական շրջանի ներկայացուցիչը շարունակում էր պնդել որ ոչ մի ծառ չեն վնասել, մինչդեռ հարևանությամբ գտնվող շենքի բնակիչ, բնապահպան Լևոն Գալստյանը, ով մեզ հետ այգի էր այցելել, ընդամենը մի քանի քայլ հեռու արմատախիլ արված ծառ և կտրված ճյուղեր գտավ։ Արմեն Ալավերդյանը շտապեց պարզաբանել, որ իրենք աշխատանքները մի քանի օր է ինչ սկսել են և նախկինում վնասված ծառերի համար պատասխանատու չեն։ Նա ցույց տվեց տարածքը և հպարտությամբ սկսեց նկարագրել, թե որ հատվածում ինչ է կառուցվելու։ Բնապահպան Լևոն Գալստյանն էլ կառուցվող ամֆիթատրոնի տարածքում մեկ այլ տապալված ծառ գտավ, որի տերևները դեռևս կանաչ էին։ Վարչական շրջանի ներկայացուցիչը այս անգամ էլ պարզաբանում ուներ․ - «Դե հիմա՝ էսքան հեկտարի մեջ հնարավոր չի՞, որ կարողա մի ծառ էլ թեկուզ այդ ձևով վնասվի»:

Ալավերդյանն ասաց, որ չորացած մի քանի ծառերի փոխարեն իրենք 2500 նոր և ավելի որակյալ ծառեր կտնկեն։ Իսկ պնդմանը, թե այդ հատվածում ծառեր են վնասվել, ինչը երևում է նաև տեսանյութում, հակադարձեց՝ եթե ծառեր հատած լինեին, ապա պարզապես կթաքցնեին դրանք։

Ի դեպ, ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Նոր Նորքի այգում ապօրինի ծառահատումներ իրականացնելու հարցով հետաքննություն են սկսել։

XS
SM
MD
LG