Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդական առաջին խմբին հաջողվել է հասնել մալայզիական «Բոինգ777»-ի կործանման վայր։ Այս մասին փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԵԱՀԿ ուկրաինական գրասենյակի հաղորդագրությունը։

ԵԱՀԿ դիտորդական խմբին ուղեկցում է 4 փորձագետ՝ Նիդերլանդներից և Ավստրալիայից։

Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել էր, որ ռուսամետ զինյալները ԵԱՀԿ դիտորդական փորձագիտական խմբին թույլ չեն տվել մոտենալ «Բոինգի» կործանման վայր։

«Ահաբեկիչները հայտարարել են, որ կործանման վայրը վտանգավոր է աշխատանքներ իրականացնելու համար, հետո փակել են ճանապարհն ու թույլ չեն տվել նրանց առաջ անցնել»,- հայտարարել էր Գրոյսմանը։

Դոնեցկի և Լուգանսկի շրջանի հակահաբեկչական գործողությունների շտաբի պետ Վիկտոր Նազարովն էլ իր հերթին հայտարարել էր, թե ուկրաինական զինված ուժերը օդանավի կործանման տարածքում 20 կիլոմետր շառավղով դադարեցրել են ռազմական գործողությունները։

«Մենք նաև դադարեցրել ենք ռազմական գործողությունները ԵԱՀԿ դիտորդական խմբի անցնող ճանապարհով»,- ասել էր հակահաբեկչական գործողությունների շտաբի պետը։

Ուկրաինայի զինյալ ուժերի և ռուսամետ զինյալների միջև ընթացող փոխհրաձգության պատճառով, փորձագետների խմբին արդեն մի քանի օր էր չէր հաջողվում հասնել օդանավի կործանման վայր։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիա Բիշոպն էլ հայտարարել էր, որ մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում հնարավոր է դեռ 80 դիակ կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG