Մատչելիության հղումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը ևս թերի է և փնթի»


Հաշվապահները «Ազատության» հետ հարցազրույցի ժամանակ, 31-ը հուլիսի, 2014 թ․

Հաշվապահները «Ազատության» հետ հարցազրույցի ժամանակ, 31-ը հուլիսի, 2014 թ․

Գիտությունների ազգային ակադեմիայի 10 աշխատակից ազատվել է աշխատանքից՝ պարտադիր սոցիալական վճարումներից գոնե ժամանակավորապես խուսափելու նպատակով:

«Բոլորն էլ հասկանում են, որ խնդիրներ կունենանք մեր հիմնական աշխատանքի հետ կապված: Բաժանվել ենք շատ լավ [ղեկավարության հետ], այն հույսով, որ ապագայում կարող է օրենքի մեջ փոփոխություն լինի, և մենք կկարողանանք վերադառնալ մեր աշխատանքին» , - «Ազատության» հետ զրույցում ասաց «Դեմ եմ» շարժման անդամ Գրիգոր Պետրոսյանը, ով Գիտությունների ազգային ակադեմիայից դուրս եկած 10 աշխատակիցներից մեկն էր:

Եթե քաղաքացին հունիսի վերջին այլևս պետական համակարգի աշխատող չէ, սակայն հուլիսի 1-ին դեռ չի հասցրել մասնավոր հատվածում աշխատանք գտնել, այլևս յուրաքանչյուր տիպի աշխատանքի անցնելու դեպքում նրա նկատմամբ կիրառվելու է սոցիալական պարտադիր վճարը: Ըստ «Դեմ եմ»-ի անդամի՝ սա անարդար մոտեցում է և աշնանը շարժումը պայքարի օրակարգում թերևս այս խնդիրն էլ ներառի: Մասնագիտությամբ հաշվապահ Շողեր Բաբայանին չի հաջողվել հուլիսի 1-ի դրությամբ լինել միայն մասնավոր սեկտորի աշխատակից: Նա նաև Երևանի թիվ 50 դպրոցի հաշվապահն է և մեզ հետ զրույցում ասաց, որ ստիպված է եղել դպրոցի երիտասարդ անձնակազմի, այդ թվում նաև իր հուլիսի աշխատավարձից պարտադիր սոցիալական վճարի պահումներ անել:

«Արդեն պահել ենք, որովհետև դե հուլիսի 1-ից օրենքը գործում է, իսկ դա համարվում է հուլիս ամսվա եկամուտ», - նշեց նա:

Սոցիալական վճարները մասնավոր սեկտորի աշխատողների համար պարտադիր են դառնալու 2017 թվականի հուլիսի 1-ից հետո, այդուհանդերձ, հաշվապահները պնդում են, որ արդեն այսօր վերջինները պետք է պարտադիր պահումներից հրաժարվելու դիմումներ ներկայացնեն գործատուներին և հարկային մարմիններին, հակառակ դեպքում՝ հնարավոր է պահումներ արվեն հուլիս և օգոստոս ամիսների աշխատավարձերից:

«Օրենքի 81-րդ հոդվածը առաջին մասով հստակ է ասում, որ պետք է մինչև ամսի [օգոստոսի] մեկը դիմումները ներկայացնեն մասնավոր հատվածի վարձու աշխատողները, որպեսզի իրենց աշխատավարձը հաջորդ ամսվա մեկից չպահվի: Քանի որ օրենքը հուլիսի մեկից էր ուժի մեջ, այս հուլիսի ներկայացված դիմումներով նաև հուլիսն էր մեջը ներառվելու: Այսօր արդեն հուլիսի 31-ն է, ոչ մի թեժ գիծ հստակ պատասխան չի տալիս՝ սպասեք մինչև վաղը, մյուս օրը, օգոստոսի 10-ը, 20-ը: Դա ի՞նչ թվեր են, օրենքի ոչ մի կետի մեջ նման թվեր գոյություն չունեն», - «Ազատության» հետ զրույցում ասում է թե՛ մասնավոր և թե՛ պետական սեկտորում հաշվապահ աշխատող Շողեր Բաբայանը:

Նա պնդում է, որ նոր օրենքը ևս շատ թերի է և փնթի, ու շատ հարցեր այդպես էլ մնում են անպատասխան: Ըստ հաշվապահի՝ նաև հարկային մարմիններում է խառնաշփոթ․ աշխատողները չգիտեն, թե ինչպես պետք է ընդունեն պարտադիր սոցիալական վճարներից հրաժարվելու դիմումները: Այսօր Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետից երկօրյա ժամկետ խնդրեց այս հարցերը կանոնակարգելու համար, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ սա հաշվապահներին ոչինչ չի ասում:

«31 օր իրենք ժամանակ չեն ունեցել այդ երկու էջանոց ընթացակարգը կազմեին և ներկայացնեին՝ այսքան խառնաշփոթ չստեղծեին: Ի՞նչ է նշանակում Արտեմ Ասատրյանին տրամադրել ևս երկու օր այդ ընթացակարգը կազմելու համար: Իրենք չունեն ընթացակարգ, իրենք չգիտեն՝ ինչպես ընդունեն այս դիմումները, սա պետք է արվի թղթային, թե էլեկտրոնային ոչ մի ընթացակարգ չունեն», - ասաց Շողեր Բաբայանը:

Պետական սեկտորի աշխատողներն էլ իրենց հերթին շարունակում են պնդել, որ նոր օրենքը նոր խտրականություն առաջ բերեց և չեն պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ: Ուսուցիչների մի խումբ այսօր հանդիպել է հանրային խորհրդի նախագահին և ներկայացրել իրենց խնդիրները:

«Այսօր առանց այդ էլ ծանր է ուսուցչի սոցիալական վիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց ուսուցչուհի Օվսանա Հարությանյանը և ավելացրեց, որ իշխանությունները գոնե պետք է բարձրացնեն մանկավարժների աշխատավարձը․ - «Մտածում ենք գործադուլներով սկսել: Կան դպրոցներ, որոնց կոլեկտիվները միահամուռ ոտքի են կանգնել: Կարծում եմ՝ մեզ հուսախաբ չեն անի, կմիանան մեզ: Սեպտեմբերին, երբ գործը կմտնի Սահմանադրական դատարան, մենք էլ կդիմենք գործադուլների»:

XS
SM
MD
LG