Մատչելիության հղումներ

Վալերի Օսիպյանը առերեսվել է Նուբարաշենի բնակչուհու և նրա որդու հետ


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և բողոքի ակցիայի մասնակիցները, արխիվ

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և բողոքի ակցիայի մասնակիցները, արխիվ

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ առերեսվել է Նուբարաշենի բնակչուհի Սուսաննա Հովհաննիսյանի և նրա որդու` Սամվել Հովհաննիսյանի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուսաննա (Սմբուլ) Հովհաննիսյանը, Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) անցկացված առերեսումը տևել է հինգ ժամից ավելի։

Առերեսման առիթը հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարությունն էր, որի մեջ մեղադրվում է Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը: Դեպքից հետո Սուսաննա Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցներում հայտարարել էր, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեղքը բարդել իր որդու ուսերին։ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցված է այդ հրապարակումների առիթով։

Երեկվա առերեսման վերաբերյալ Սուսաննա Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց մանրամասներ հրապարակելուց՝ նշելով, որ ՀՔԾ-ում իրեն զգուշացրել են, և ինքը ստորագրությամբ պարտավորվել է գաղտնի պահել հարցաքննության մանրամասները։ «Բայց Վալերի Օսիպյանը չէր կարողանում պատասխաներ իմ հարցերին, իսկ ինձ ուղղված նրա հարցերը դեպքի հետ որևէ կապ չունեին», - նշեց Հովհաննիսյանը։

Վալերի Օսիպյանը ևս ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանությունից։

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG