Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 82 տոկոսը «Բոինգ»-ի վթարի պատճառ է համարում ուկրաինական բանակի գործողությունները


Ուկրաինա - Ռուսամետ զինյալները հսկում են «Բոինգ-777»-ի անկման վայրը, Հրաբովո, 20-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինա - Ռուսամետ զինյալները հսկում են «Բոինգ-777»-ի անկման վայրը, Հրաբովո, 20-ը հուլիսի, 2014թ․

«Լևադա» կենտրոնի կողմից Ռուսաստանում անցկացված հարցման մասնակիցների մեծ մասը համոզված է, որ Արևմուտքի պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենա երկրի վրա:

Ռուսաստանցիների 82 տոկոսը համոզված է` հուլիսի 17-ին Դոնեցկի մերձակայքում կործանված մալայզիական «Բոինգ»-ի վթարի պատճառը ուկրաինական բանակի գործողություններն էին: Սա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքները:

Հարցված ռուսաստանցիների 46 տոկոսը վստահ է, որ «Մալայզիական ավիաուղիներ»-ին պատկանող «Բոինգ-777»-ը կործանվել է ուկրաինական ռազմական օդանավի հարվածի հետևանքով: Եվս 36 տոկոսը պնդում է, թե «Բոինգ»-ի կործանման իրական պատճառը Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողություններն են:

Բավական անսպասելի այս արդյունքները «Լևադա» կենտրոնի մասնագետները ստացել են Ռուսաստանի խոշորագույն վեց քաղաքների ավելի քան 1500 բնակիչների շրջանում անցկացված հարցման միջոցով:

Գլխավոր հետևությունը, որին կարելի է հանգել՝ ծանոթանալով հետազոտության արդյունքներին, մեկն է` Ռուսաստանի հանրային կարծիքն այսօր գրեթե ամբողջությամբ ձևավորվում է բացառապես պետական քարոզչության ջանքերով` առանց տեղական անկախ կամ արևմտյան լրատվամիջոցներում հնչող տեսակետները հաշվի առնելու: Սրա վկայությունը կարող է հանդիսանալ նաև այն հանգամանքը, որ հարցված ռուսաստանցիների միայն երեք տոկոսն է հակված հավատալ այս պահին միջազգային լրատվամիջոցներում շրջանառվող ամենատարածված և հավանական թվացող վարկածին, ըստ որի՝ մալայզիական «Բոինգ»-ը կործանել են Դոնբասում գործող ռուս զինյալները:

«Լևադա» կենտրոնի անցկացրած մեկ այլ հարցման համաձայն էլ՝ ռուսաստանցիների մեծ մասը համոզված է, թե Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները, որոնք իրենց բնույթով խստագույնն են «սառը պատերազմի» ավարտից հետո, բացասական մեծ ազդեցություն երկրի վրա չեն ունենա:

Հարցվածների 58 տոկոսը նշել է, որ Ռուսաստանի հնարավոր քաղաքական մեկուսացումը իրենց չի անհանգստացնում: 61 տոկոսն էլ ասել է, թե մտահոգված չէ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների փաստով: Ուշագրավ է, որ «Լևադա» կենտրոնի սոցիոլոգների կողմից հարցվածների միայն 34 տոկոսն է կարծում, որ արևմտյան պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի շարքային քաղաքացիների վրա: Հարցվածների մեծամասնությունը` 57 տոկոսը նշել է, թե պատժամիջոցների իրական թիրախը Ռուսաստանի այն պաշտոնյաներն են, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի հետ հարաբերությունների համար:

«Ակնհայտ է, որ բնակչության վրա պատժամիջոցների հնարավոր ազդեցության վերաբերյալ միասնական տեսակետ Ռուսաստանում այսօր չկա: Դրա պատճառը լրատվամիջոցներում լուրջ վերլուծության բացակայությունն է, երբ պատժամիջոցների իրական հետևանքները վերհանելու փոխարեն խոսում են, թե ստեղծված կացությունն իբր կարող է օգտակար լինել ռուսաստանյան տնտեսության համար», - նշում են «Լևադա» կենտրոնի մասնագետները:

XS
SM
MD
LG