Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը մտահոգված է կալանավորված Լևոն Հայրապետյանի վիճակով


Այսօր Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ նա կորցրել է գիտակցությունը։

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում պահվող գործարարի խախտվող իրավունքների վրա։

Շտաբին հատկապես հուզում է Հայրապետյանի առողջական վատ վիճակն ու խափանման միջոցի փոփոխման՝ առկախված հարցը։

Շտաբը հղում է կատարում Ռուսաստանի օրենսդրությանը, որի համաձայն՝ Հայրապետյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց դեպքում չի կարող գտնվել կալանավայրում:

ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Կարեն Անդրեասյանին «մտահոգում է տեղի ունեցողը, իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին, կատարում օրենսդրական վերլուծություն, որի հիման վրա կքննարկվի Ռուսաստանի օմբուդսմենին դիմելու հարցը։ Խախտումներ նկատելու դեպքում, մեր օմբուդսմենի միջնորդությունը, ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի, չի ուշանա։

Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանն «Ազատությանը» հեռախոսով փոխանցեց՝ Հայրապետյանի ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ նա կորցրել է գիտակցությունը։

«Այսօր առավոտյան ուշաթափվել է... հոգեկան վիճակից է, իր առողջական վիճակը մինչև կալանավորումն էլ լավ չէր, ինքը մի քանի վիրահատություն է տարել, շաքարախտ ունի, ուռուցքային հիվանդություն ունի, լյարդի հետ կապված խնդիրներ կան, հիվանդությունների մի ամբողջ փունջ է»,- փոխանցեց գործարարի ընկերը։

Սաֆարյանի խոսքով՝ բժշկական հանձնաժողովի եզրակացությունը կհրապարակվի այս շաբաթ, դրա հիման վրա դատարանը կորոշի՝ փոխել, թե նույնը թողնել գործարարին կալանավորելու որոշումը։ Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել են նրան կալանավորելու՝ Մոսկվայի Բասմանի դատարանի որոշումը, ըստ որի հայազգի գործարարը կալանքի տակ պետք է մնա մինչև սեպտեմբերի 15-ը։

Հայրապետյանը, ընկերոջ փոխանցմամբ, չի կարողանում փաստաբանների հետ երկարատև հանդիպումներ ունենալ, չի մասնակցում քննչական գործողություններին, ընտանիքի անդամներին ևս չի տեսել։

«Հայրապետյանի հետ բացի իր փաստաբաններից ուրիշ ոչ ոք չի հանդիպել։ Նրա ընտանիքը Ամերիկայում է ապրում»։

Արթուր Սաֆարյանը կարծում է՝ Հայրապետյանի կալանավորումը քաղաքական պատվեր էր, թեև ինքը՝ գործարարն ու նրա փաստաբանները ձեռնպահ են մնում նման հայտարարություններից։ Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման հոդվածներով։ Առաջադրված մեղադրանքները մինչև տասը տարվա ազատազրկում են ենթադրում։ Յուրացման տակ քննչական մարմինը հասկանում է այն գումարը, որը Հայրապետյանը ստացել է որպես միջնորդ՝ կազմակերպելով Բաշկիրիայի նախկին նախագահի որդու՝ Ուրալ Ռախիմովին պատկանող բաշկիրյան նավթային ակտիվների վաճառքը «Սիստեմա» ընկերությանը։

Քրեական գործը հենց կրտսեր Ռախիմովի դեմ է հարուցված, սակայն Հայրապետյանն «Բաշնեֆտ»-ի գործով միակ կալանավորն է։ Բաշկիրիայի նախկին նախագահի որդին, ըստ ռուսական լրատվամիջոցների, բնակվում է Ավստրիայում, իսկ Հայրապետյանին, իրավապահները, նրա հիմնական հանցակիցն են համարում։

«Դա նեղ ռուսաստանյան, տնտեսական հիմքով քաղաքական պատվեր է, համ կապված է «Բաշնեֆտ»-ի ակցիաների հետ, բայց ենթատեքստ ունի, քանի որ այնտեղ կա Ռախիմովի հարցը, ով նորից ուզում է Բաշկիրիայի նախագահ դառնալ։ Ռուսաստանի ղեկավարները չեն ցանկանում տեսնել Բաշկիրիայի նախագահի դերում Ռախիմովին։ Ֆոնդ կա, այդ ֆոնդի գումարները ժամանակին ձևավորվել են Ռախիմովի կողմից վաճառված «Բաշնեֆտ»-ի բաժնեմասից, ու այդ ֆոնդը հայր Ռախիմովը օգտագործում է իր ընտրական գործընթացների համար։ Փաստորեն եթե Հայրապետյանին դատապարտեն, այդ ֆոնդի գումարներն էլ կդառնան անօրինական»,- ասաց Սաֆարյանը։

Լևոն Հայրապետյանի ընկերն ասաց՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն է շատ ակտիվ աջակցում գործարարին։ Հայաստանի իշխանությունների օգնության մասին Արթուր Սաֆարյանը չէր լսել։ Համացանցում է հայտնվել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ժամանակ արցախցի գործարարի անցած տարվա ելույթը, որտեղ Լևոն Հայրապետյանը խստորեն քննադատում է Հայաստանի իշխանություններին։

«Ամենաանդուրեկան պահը, որ անկուշտ են։ Միլիոնատեր դարձան, դե կշտացեք, էլի»,- ասել էր գործարարը։

Հայրապետյանն այդ ելույթում ասում է՝ «Մեր ուժը սփյուռքի մեջ է»։ Խոսում է աշխարհասփյուռ հայերից վետերան-ռեզերվիստների կոմիտե ստեղծելու գաղափարի, նրանց մասնակցությամբ ցուցադրական շքերթ անցկացնելու մասին և հավելում, որ հայ-թուրքական արձանագրություններից հետո Սերժ Սարգսյանը դեմ է եղել կազմակերպված ուժ ցուցադրելուն։

«Շատ վտանգ կար մեր պատմության մեջ, բայց այսօր ամենավտանգավորն է։ Ռուսները զենք ծախեցին, հարձակողական զենք, և մենք իրենց ստրատեգիական բարեկամներն ենք։ Սա մեր կառավարության քաղաքականության «արդյունքն» է»,- ասել էր Հայրապետյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց՝ այդ ձայնագրության հրապարակումը որևէ ձևով չի օգնում Լևոն Հայրապետյանին.- «Որևէ նպատակ նրա վիճակը թեթևացնելու այդտեղ չկա։ Անձնական նպատակներ, շահեր, քննադատել ևս մի անգամ... ես դա սխալ եմ համարում»։

Շիրխանյանը պնդեց, որ Լևոն Հայրապետյանը վատ հարաբերություններ չունի մեր իշխանությունների հետ։

«Բոլորն էլ ընկերներ են, միասին մեծացած, միասին պայքարած ընկերներ են»,- ասաց նա։

XS
SM
MD
LG