Մատչելիության հղումներ

Աշխարհի առաջատար պարբերականները մեկնաբանում են Եվրամիության ու Միացյալ Նահանգների կողմից Մոսկվայի նկատմամբ կիրառվելիք նոր պատժամիջոցների մասին լուրը:

Financial Times-ը գրում է, որ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելու Արևմուտքի ջանքերը տապալվեցին:

«Հույս կար, որ այն կոմունիզմի ժամանակների ինքնամեկուսացման քաղաքականությունից հետ կկանգնի: Նման հույսեր մոտ ապագայում հաստատ չեն առաջանա»,- նշում է թերթը:

Անդրադառնալով պատժամիջոցների արդյունավետությանը՝ պարբերականը նշում է, որ դրանք ռուսական տնտեսությունը ծնկի չեն բերի ու չեն ստիպի Ռուսաստանին դադարել աջակցել անջատական ուժերին Ուկրաինայում: FT-ն համոզմունք է հայտնում, որ պատժամիջոցները Ռուսաստանի պատասխան քայլերին կհանգեցնեն:

The Wall Street Journal-ն էլ նկատում է, որ միայն խզվում են Ռուսաստանի հետ զինամթերքի հետ կապված ապագա պայմանագրերը, բայց ոչ արդեն կնքվածները, իսկ ԱՄՆ-ը փակել է կապիտալի մուտքը երեք ռուսական պետական բանկերի՝ ՎՏԲ-ի, «Մոսկվայի բանկի» ու «Ռոսսելխոզբանկի» համար, բայց չի տարածել պատժամիջոցներն ամբողջ բանկային համակարգի վրա:

«Հիմա նախագահ Վլադիմիր Պուտինը երկընտրանքի առաջ է կանգնել. կամ կրճատել պատժամիջոցների հետևանքով առաջացած կորուստներն ու դադարեցնել աջակցությունն անջատականներին կամ էլ ուժեղացնել նրանց աջակցությունն ու բանակ ուղարկել Ուկրաինա: Նրա անցյալը հուշում է, որ նա պարտվել չի սիրում»,- գրում է պարբերականը:

New York Times-ն իր խմբագրականում նշում է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նոր պատժամիջոցներն արժանի հակահարված են Պուտինին: Միաժամանակ թերթն ընդգծում է, որ տնտեսական պատժամիջոցները անկատար գործիք են, որոնք կանդրադառնան նաև Արևմուտքի երկրների տնտեսության վրա:

«Եթե հաշվի չառնենք զինված ուժերը՝ Արևմուտքն այլ գործիք չունի, որ ստիպի Վլադիմիր Պուտինին ու նրա իշխանության ռևանշիստներին հասկանալ, որ միջազգային նորմերը խախտելու համար պետք է վճարել, ավելին՝ որ հնարավոր չէ «սովորական ռեժիմում» շարունակել կառավարել, երբ Ռուսաստանն իրականացնում է զինված ագրեսիա ինքնիշխան պետության նկատմամբ ու գործակալներ ուղարկում Ուկրաինայի արևելք, որոնք ռմբակոծում են մարդատար ինքնաթիռը»,- գրում է թերթը:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն, հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին ու իր աղբյուրներին գրում է, որ Եվրոպան կորուստներ կունենա իր իսկ սահմանած պատժամիջոցներից:

«Գերմանացիներն անհանգստանում են Ռուսաստան իրենց մեքենաների արտահանման համար, ֆրանսիացիները՝ ռազմական նավերի, իսկ իտալացիները՝ իրենց էներգետիկ հետաքրքրությունների համար: ԵՄ երկրների արտահանման ծավալը Ռուսաստան գնահատվում է մոտ 120 միլիարդ եվրո: Նույնիսկ պատժամիջոցների կիրառումը եռանդով ողջունող Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Շվեդիան, Բալթյան երկրները չեն խուսափի վնասից»,- նշում է թերթը:

«Կոմերսանտ»-ի կրեմլյան դիվանագիտական աղբյուրները պատմել են, որ Ռուսաստանը հույս ունի, որ բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում սեկտորային պատժամիջոցները զգալիորեն կմեղմացվեն: Մոսկվան, ինչպես նշել է թերթի զրուցակիցներից մեկը, ամենից առաջ հույսը դնում է ԵՄ երկրների աջակցության վրա, որոնք զգալի կորուստներ կկրեն Ռուսաստանի հետ համագործակցությունը կրճատելու դեպքում:

Թերթի գնահատմամբ՝ նման կանխատեսումներն անհիմն չեն, քանի որ սեկտորային պատժամիջոցների նախնական քննարկման ժամանակ դրանք մինիմում 3 անգամ մեղմացվել են: Որպես օրինակ նշվում է, որ որոշվել էր արգելք դնել Ռուսաստան ողջ էնեգետիկ ոլորտի «հատուկ կարևորության» տեխնոլոգիաների ու սարքավորումների արտահանման վրա, սակայն արդյունքում որոշվեց գազային սեկտորին ձեռք չտալ: Մյուս կողմից թերթի՝ Պետդեպարտամենտին մոտ կանգնած աղբյուրը համոզմունք է հայտնել, որ մեղմացումներ ԵՄ-ի կողմից այլևս չեն լինի:

Արա Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG