Մատչելիության հղումներ

McDonald’s և Wendy's կարող են լքել ռուսական շուկան


McDonald’s արագ սննդի ռեստորան Մոսկվայում, արխիվ
McDonald’s արագ սննդի ռեստորան Մոսկվայում, արխիվ

Ամերիկյան առաջատար արագ սննդի ռեստորանային ցանցերը լքում են ռուսական շուկան:

McDonald’s-ը հայտնվել է քաղաքական մանրադիտակի տակ, իսկ Wendy's ռեստորանային ցանցը լքում է Ռուսաստանը՝ ելնելով համագործակցության հետզհետե վատթարացող պայմաններից:

«Կրեմլի զայրույթն ամերիկյան ֆասթ ֆուդի նկատմամբ այլևս անթաքույց է», - գրում է Los Angeles Times պարբերականը՝ անդրադառնալով վերջին շրջանում McDonald’s-ի և Wendy's-ի շուրջ Ռուսաստանում ծագած խնդիրներին:

Այն, որ ռուսական իշխանությունները կարող են դատական կարգով արգելել չիզբուրգերների, չիքենբուրգերների, կաթնային կոկտեյլների և McDonald’s-ի այլ ճաշատեսակների արտադրանքն ու վաճառքը, հայտնի է դարձել վերջին օրերին:

Ռոսպետնադզորը հայտարարել է, թե Վելիկի Նովգորոդ քաղաքի McDonald’s-ի երկու ռեստորաններում անցկացրած ստուգումները ցույց են տվել, որ ընկերության արտադրանքը ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի պարունակությամբ, ինչպես նաև էներգետիկ արժեքի ցուցանիշով շատ հեռու է տեխնոլոգիական նորմերից: Պետական այդ կառույցը դատական հայց է ներկայացրել McDonald’s-ի դեմ: Տվերի դատարանի մամուլի քարտուղար Եկատերինա Կորոտովայի խոսքով, մասնավորապես, արգելքի տակ կհայտնվեն այդ ընկերության չիզբուրգերը, չիքենբուրգերը, հատապտղային հավելումներով պաղպաղակները և կաթնային կոկտեյլները:

McDonald’s-ի խնդիրները ռուսական իշխանությունների հետ ծագեցին դեռևս Ղրիմի իրադարձությունների ընթացքում: Ղրիմը Ռուսաստանին բռնակցելուց հետո ամերիկյան այդ ընկերությունը փակեց իր ռեստորանները Ղրիմում՝ մատնանշելով ներմուծման հետ կապված մի շարք խնդիրներ:

Աշխարհի 22 երկրներում գործող Wendy’s ամերիկյան արագ սննդի ցանցը, որը մասնագիտացած է բուրգերների արտադրության մեջ, վերջին օրերին հայտարարել է ռուսական շուկան լքելու մասին: Ըստ Bloomberg պարբերականի Wendy’s-ը արդեն իսկ փակել է Մոսկվայում գտնվող ութ ռեստորաններից չորսը: Մյուս չորսը կփակվեն առաջիկա շաբաթներին:

Հիմնական պատճառը Wendy’s-ի ռուսաստանյան գործընկեր հանդիսացող կազմակերպությունն է, որը չի կատարում իր պարտավորությունները: 2010 թվականին կնքված պայմանագրով ռուսական ընկերությունը Wendy’s-ին խոստանում էր 10 տարվա ընթացքում Ռուսաստանում բացել 180 ռեստորան, մինչդեռ չորս տարվա ընթացքում բացվել է ընդամենը ութը, հավելում է Bloomberg-ը:

Los Angeles Times թերթը նկատում է, որ ամերիկյան չիզբուրգերի դեմ չհայտարարված պատերազմը նորություն չէ՝ ընդգծելով, որ հատկապես վերջին երկու տարիներին ռուսական իշխանությունները քայլեր են ձեռնարկում, որոնք ակնհայտորեն ուղղված են ամերիկյան բիզնեսի և Ռուսաստանում ամերիկյան շահերի դեմ:

«Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թշնամությունն այլևս գերազանցել է Սառը պատերազմի ժամանակները: Ամերիկյան ֆասթ ֆուդը միակ օրինակը չէ, որի դեմ Ռոսպետնադզորն իր մահակն է երկարում», - գրել է Los Angeles Times-ը՝ հիշեցնելով 2008 թվականին վրացական գինու, 2013-ին էլ Ուկրաինայից կաթնամթերքի և շոկոլադի ներկրման արգելքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG