Մատչելիության հղումներ

Նավասարդյան. «Ուկրաինական ճգնաժամը կբերի Ռուսաստանի մեկուսացմանը»


Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող, Բորիս Նավասարդյանը «Ազատություն TV» լրատվական կենտրոնի տաղավարում, 29 -ը հուլիսի, 2014թ.

Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող, Բորիս Նավասարդյանը «Ազատություն TV» լրատվական կենտրոնի տաղավարում, 29 -ը հուլիսի, 2014թ.

Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, Արևմուտքում ու Եվրամիությունում սկսում են հասկանալ, որ Ռուսաստանի հետ քննարկելու թեմա այլևս չկա, և որ անխուսափելի են պատժամիջոցները և նրանցից բխող կորուստները։

«Դա կարող է բերել Ռուսաստանի մեկուսացմանը՝ գլոբալ շուկայի բավականին մեծ մասից», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց նա:

Հարցին, թե Հայաստանը կկարողանա՞ այնպիսի քաղաքականություն վարել, որ կորուստներ չունենա Արևմուտքի և Ռուսաստանի այս լարված հարաբերություններից, Նավասարդյանը պատասխանեց. - «Շատ բարդ է այդպիսի հնարավորություններ և շանսեր գտնելը, եթե Հայաստանը մնում է Եվրասիական ինտեգրացիոն այդ ծրագրի մասնակից, քանի որ խոսքը չի գնում միայն կոնկրետ պետության նկատմամբ պատժամիջոցների մասին մյուս պետությունների կողմից, այլ արդեն իսկ որոշ մասնավոր ընկերություններ՝ խոշոր ֆինանսական, առևտրային, արդյունաբերական ընկերություններ, կանխատեսելով, որ համագործակցությունը և հարաբերությունները Ռուսաստանի գործընկերների հետ հեռանկարային չեն, սկսում են իրենց նախաձեռնությամբ արդեն, չսպասելով պաշտոնական պատժամիջոցների, սահմանափակել հարաբերությունները»։

ԵՄԱ նախագահը պարզաբանեց՝ սա նշանակում է, որ հարաբերությունները սահմանափակվելու են նաև այն երկրների և ընկերությունների հետ, որոնք մտնում են այդ Եվրասիական տարածքի մեջ, և Հայաստանը ոչ միայն ռուսաստանյան տնտեսության դժվարությունների պատճառով, այլև այսօրվա Արևմտյան գործընկերների հետ բավականին բարդ հեռանկարների պայմաններում, կարող է լուրջ վնասներ կրել։

«Միակ ճանապարհն այստեղ, ինչպես բազմիցս ասել ենք՝ վերանայել արտաքին քաղաքականության ուղղվածությունը և հնարավորինս մեկուսանալ այդ եվրասիական զարգացումներից, եվրասիական նախաձեռնություններից, հակառակ դեպքում մենք տուժողներից մեկն ենք լինելու, եթե ոչ հիմնականը, որովհետև շատ հեշտ է նաև կանխատեսել՝ եթե Ռուսաստանը կանգնելու է լուրջ տնտեսական դժվարությունների առջև, ինքը փորձելու է փոխհատուցել այդ իր դժվարությունները, ինչքան հնարավոր է, այսպես կոչված, գործընկերների հաշվին»,- նշեց Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգողը։

Դիտարկմանը, թե ռուս փորձագետների կարծիքով ինչքան մոտենա ձմեռը, այնքան Արևմուտքը կնվազեցնի պատժամիջոցները, Նավասարդյանն այսպես արձագանքեց․ -«Այդ կարգի խոսակցությունները միգուցե լեգիտիմ կարող էին լինել մեկ ամիս առաջ, բայց ոչ այսօր, քանի որ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը չի կարող Արևմուտքին առաջարկել այդ ուկրաինական ճգնաժամի որևէ լուծում և ինքն էլ, իր հերթին, մերժում է բոլոր այն լուծումները, որոնք առաջարկում է Արևմուտքը։ Եթե այդպես է, ուրեմն այդ ուկրաինական ճգնաժամը դառնում է վտանգավոր ամբողջ աշխարհի համար, գլոբալ զարգացումների համար. եթե կա չվերահսկվող բավականին մեծ տարածք, որտեղ ապրում են միլիոնավոր մարդիկ, խոսքը Լուգանսկի և Դոնեցկի տարածաշրջանների մասին է, որը չի վերահսկվում որևէ միջազգային կանոններով, միջազգային օրենքներով, միջազգային համաձայնագրերով և որից տեռորիզմի վտանգն անխուսափելի է, դա նշանակում է, որ ինչքան էլ լուրջ խնդիրների առաջ կանգնի պատժամիջոցների արդյունքում Արևմուտքը, ինքը պիտի գնա ինքնապաշտպանության ճանապարհով, իսկ ինքնապաշտպանության ճանապարհն է՝ ինչքան հնարավոր է թուլացնել Ռուսաստանին և թուլացնել Ռուսատանի ազդեցությունը նաև Ուկրաինական ճգնաժամի վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG