Մատչելիության հղումներ

Լրագրողներին չթույլատրեցին մասնակցել աղբյուրի բացահայտման գործով նիստին


Լրագրողների մուտքը Վերաքննիչ քրեական դատարան կասեցվեց հենց դռների առջև։

«Մենք ենթարկվում ենք դատավորի հրահանգներին»,- ասաց դատական կարգադրիչը։ Իսկ դատավոր Եվա Դարբինյանը այսօր չէր ցանկացել դահլիճում լրագրողներ տեսնել, թեև քննությունն առաջին հերթին նրանց է վերաբերում։

Հիշեցնենք, «Հրապարակ» օրաթերթն ու «Իլուր» կայքը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են տեղեկատվության աղբյուրը բացահայտելու Կենտրոնի դատարանի ավելի վաղ կայացրած որոշումը։

Մայիսի սկզբին, հղում անելով սեփական աղբյուրներին, լրատվամիջոցները գրել էին, որ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը զենքի գործադրմամբ բռնության է ենթարկել գյումրեցի հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ու նրա եղբորը:

Հատուկ քննչական ծառայությունը հրապարակումից հետո ցանկացել էր լրատվության աղբյուրին դեմքով ճանաչել։ Նրան այդ գործում փորձել էր օգնել Կենտրոնի դատարանը՝ լրատվամիջոցներին պարտավորեցնելով բացահայտել Շիրակի մարզի ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի տեղեկատվության աղբյուրը։

Դատական այսօրվա նիստն ավարտվեց մեկնարկից րոպեներ անց։ «Հրապարակ»-ի և «Իլուր»-ի ներկայացուցիչները միջնորդել էին այն դռնբաց անցկացնել։ Դատավորը մերժել էր, բայց բողոքարկելու ժամանակ տվել։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հենց դա էլ ուզում են անել։

«Իլուր»-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ դատական նիստը դռնփակ կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե «Հրապարակ»-ի և «Իլուր»-ի լրագրողները նման ցանկություն հայտնեին։

«Բացատրված չէ, թե ինչու է դռնփակ։ Եվ ընդհանրապես քրեական դատավարությունում միակ պարբերությունը, որ կա լրատվամիջոցի աղբյուրի բացահայտման գործերով, դա այն է, որ լրատվամիջոցի միջնորդության պահանջով կարող են անցկացվել դռնփակ դատական նիստեր»,- ընդգծեց Խաչատրյանը։

Դատարանի դահլիճից այսօր դուրս հրավիրեցին անգամ տեղեկատվության աղբյուրի բացահայտման հասցեատիրոջը՝ «Հրապարակ» թերթում Շիրակի ոստիկանապետին վերաբերող հոդվածը հրապարակած Սյուզան Սիմոնյանին՝ խմբագրի լիազորագիր չունենալու պատճառաբանությամբ։

«Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ ամբողջ քննությունը հատուկ մամուլի դեմ է արվում»,- ասաց լրագրողը։

Սիմոնյանն ասաց՝ ինչ էլ որոշի դատարանը, մեկ է ինֆորմացիայի աղբյուրը չի բացահայտելու.- «Եթե հրապարակենք, վաղը նրանք այս որոշումը որպես նախադեպային կարող են դնել ցանկացած լրատվամիջոցի առաջ։ Մյուս բոլոր դատավորները այդ նախադեպի հիման վրա բացահայտման որոշումներ կկայացնեն»։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ դատարանն ընդհանրապես պետք է վարույթ չընդուներ ՀՔԾ-ի միջնորդությունը։

«Այն հոդվածը, որին հղում կատարելով իրականացրել են վարույթը, վերաբերում է խուզարկության թույլտվություն տալուն և նամակագրության գաղտնիության իրավունքի միջամտությանը։ Սա չի վերաբերում ԶԼՄ-ի կողմից տեղեկատվություն տալու իրավունքին»,- ասաց Զեյնալյանը։

Աղբյուրը բացահայտելու դատարանի որոշումը մի քանի օր առաջ քննադատել էր նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը։ Աղբյուրը չբացահայտելու լրագրողների իրավունքը եվրոպացի պաշտոնյան հետաքննական լրագրության առանցքային սկզբունքն էր համարել։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին։

XS
SM
MD
LG