Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար


Վրաստանի նախկին նախագահ, Վարդերի հեղափոխության առաջնորդ ու Պուտինի անխնա քննադատ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հայրենիքում մինչև ութ տարվա ազատազրկման դատապարտվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր պաշտոնապես մեղադրանք առաջադրեց էքս նախագահին, և քանի որ վերջինս արդեն մեկ տարի է բնակվում է արտասահմանում, մեղադրականը տրամադրվեց Թբիլիսիում նրա փաստաբանին՝ Օթար Կախիձեին:

Շուրջ 80 հատորանոց քրեական գործով դատախազությունը նախկին նախագահին մեղադրում է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության խաղաղ ցույցը ցրելու և մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքը՝ «Իմեդի» հեռուստաընկերությունը, Մտածմինդյան զբոսայգին և Ռուսթավիի մետալուրգիական կոմբինատը զավթելու համար:

Երկրի նախկին առաջնորդից բացի քրեական այս գործով անցնում են նաև նրա վարչակազմի տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլին:

Ինքը՝ Սաակաշվիլին շարունակում է պնդել, որ ներկայացված մեղադրանքները զուտ քաղաքական դրդապատճառներ ունեն, և որ այս քայլերով ներկայիս իշխանությունն ընդամենը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին:

«Ռուս մի օլիգարխ ինձ մեղադրանք է ներկայացնում մեկ այլ ռուս օլիգարխի կողմից ծրագրված հեղափոխությունն ու անկարգությունները իբրև թե ճնշելու համար»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին՝ ընդգծելով.- «Այն բանից հետո, երբ 2008-ին Ռուսաստանը չկարողացավ պատերազմով տապալել իմ իշխանությունը, Պուտինն ու Մեդվեդևը հրապարակավ հայտարարեցին, թե կգա մի օր, երբ Վրաստանն ինքը դատի կտա Սաակաշվիլիին: Հիմա նրանք հրճվանքի մեջ են, սակայն ուզում եմ զգուշացնել երկուսին էլ՝ թե Պուտինին, թե «Գազպրոմ»-ի ամենամեծ բաժնետերերից մեկը հանդիսացող Իվանիշվիլիին՝ այդ հրճվանքը երկար չի շարունակվի, շուտով մենք կազատվենք նաև այդ օլիգարխից»:

Քննադատելով ներկայիս իշխանություններին՝ Սաակաշվիլին միաժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ հայրենիք՝ դատախազություն ներկայանալու համար. «Կգամ, երբ ինքս կցանկանամ»,- գրել է նախկին նախագահը՝ զգուշացնելով՝ երկրի միակ ընդդիմադիր ուժի դեմ այս քայլերով իշխանությունները փչացնելու են Վրաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ:

Իշխող վարչակազմը, մինչդեռ, այս պնդումները չի ընդունում: Ավելին, չի բացառվում, որ նախկին նախագահին առաջիկայում նոր մեղադրանքներ առաջադրվեն։ Գլխավոր դատախազությունը, մասնավորապես, հաղորդում է, թե ավարտին է մոտենում նաև Սաաակաշվիլիի անվան հետ կապվող աղմկահարույց մի շարք այլ գործերի, այդ թվում՝ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների շուրջ քննությունը:

«Վրացական երազանք»-ին չեն կանգնեցրել անգամ Վաշինգտոնից հնչող նախազգուշացումները: Նախօրեին, մասնավորապես, մի խումբ ամերիկացի սենատորներ համատեղ հայտարարությամբ պնդել էին, թե Սաակաշվիլիին ներկայացված մեղադրանքները կարող են բացասաբար ազդել Միացյալ Նահանգների հետ Վրաստանի հարաբերությունների վրա:

«Մենք խիստ հիասթափված ենք և մտահոգված, քրեական հետապնդումը չպետք է օգտագործվի ընդդիմախոսներին ճնշելու համար, հատկապես այսօր, երբ Վրաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ»,- ընդգծել են ամերիկացի փորձառու օրենսդիրներ Ջոն Մքմեյնը, Բեն Քարդինը, Ջեյմս Ռիշն ու Ջին Շեյնը:

Ի պատասխան Սաակաշվիլիի երբեմնի դաշնակից, ներկայումս պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է.- «Ես շատ եմ հարգում մեր ամերիկացի գործընկերներին, սակայն դատարանի և օրենքի առջև բոլորն են հավասար: Ընդունում եմ՝ մենք այժմ գործ ունենք ամենածանր հանցագործությունների հետ, որոնք կատարվել են մեր աչքի առջև, մեր զինված ուժերը ապօրինի ուժ են կիրառել մեր ժողովրդի դեմ, և մեղավորները պետք է պատժվեն: Այս դատաքննությունը պետք է լինի թափանցիկ, անաչառ և ի վերջո նախազգուշացում դառնա բոլոր այն ուժերի համար, որոնք իշխանության կգան Վրաստանում ու կփորձեն օգտագործել դա իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»։

XS
SM
MD
LG