Մատչելիության հղումներ

Էրդողանը Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ


Գազա, 29-ը հուլիսի, 2014 թ.։
Գազա, 29-ը հուլիսի, 2014 թ.։

Թուրքիայի վարչապետ և առաջիկա նախագահական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում: Այս մասին հայտնում է «Դեյլի Սաբահը»:

Էրդողանը այս հայտարարությունը արել է կիրակի օրը՝ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաք կատարած նախընտրական այցի ժամանակ:

«Որպես ահաբեկչական պետություն՝ Իսրայելը ահաբեկչություն է իրականացնում Գազայում: Ողջ աշխարհը լուռ է: Իսկ Թուրքիայի ներկայացուցիչները պայքարում են մինչև վերջ Իսրայելական ագրեսիայի դեմ»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ վաղ թե ուշ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կկարգավորվի:

«Աշխարհը անգործ նստած է, մինչդեռ անմեղ պաղեստինցի նորածինների և երեխաների արյունահեղությունը շարունակում է մնալ Իսրայելի ձեռքում»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Իսրայելի բարբարոսությունն ու կոտորածները շարունակվում են Գազայում, և հատկապես Արևմուտքը շարունակում է աջակցել ագրեսորին:

«Հյուրիյեթ Դեյլի Նյուզի» փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը բավարար չափով չի օգնում պաղեստինցիներին:

«Դուք լսե՞լ եք ՄԱԿ-ի ձայնը: Նրանք ինչ-որ բաներ են անում շոուի համար: Արդյո՞ք իրականում գործնական քայլեր կատարվում են, թե՞ ոչ: Ինչի՞ համար է հիմնադրվել ՄԱԿ-ը: Աշխարհի խաղաղության համար: Եվ արդյո՞ք ներդրում է ունենում աշխարհում խաղաղության համար»,- ասել է վարչապետ Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Ռամադանի ընթացքում Թուրքիան կաղոթի Պաղեստինի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և աշխարհի որևէ ծայրում գտնվող ճնշված մարդկանց ապահովության համար:

Նախորդ շաբաթավերջին Թուրքիայի հյուսիսարևմտյան Էսկիշեհիր քաղաքում նախընտրական այցի ժամանակ նախագահի թեկնածուն ասել է, որ իսլամաֆոբիան նույնքան ոճիր է, որքան հակասեմիթականությունը:

«Դեյլի Սաբահի» վերլուծաբան Յահյա Բոստանին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա հրեաներին վնաս կրել Թուրքիայում:

«Հրեաները մեր երկրում մեր քաղաքացիներն են: Թուրքական կառավարությունը պատասխանատու է իրենց անվտանգության և ունեցվածքի համար: Հինգշաբթի օրը ես խոսել եմ Իսրայելի քաղաքացիների առաջնորդի հետ: Ես ասացի, որ իրենք պետք է ամուր կեցվածք ընդունեն և հայտարարություն տարածեն իսրայելական կառավարության դեմ: Ես նորից կապ կհաստատեմ Թուրքիայում հրեաների առաջնորդի հետ, բայց եթե նույնիսկ նրանք չտարածեն որևէ հայտարարություն, մենք երբեք թույլ չենք տա, որ Թուրքիայում ապրող հրեաները վնաս կրեն մեր երկրում»,- ասել է Էրդողանը:

Ստամբուլում մահմեդական գիտնականների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է մահմեդական երկրներին՝ արյունահեղությունը կանխելու համար բավարար քայլեր չկատարելու համար:

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը, նշում է.- «Էրդողանը առաջին անգամ չէ, որ դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում կամ Լիբանանում: Նմանատիպ գնահատականներ հնչել են 2006-ից սկսած»:

Թուրքագետը նշում է, որ Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու հայտարարությունները Էրդողանն արել է հատկապես 2008-2010թթ.:

«Էրդողանի նմանաոճ մեղադրանքները սովորական են դարձել հատկապես նրա այն համոզման լույսի ներքո, որ մուսուլմանը ցեղասպանություն չի կարող իրականացնել: Պետք է նաև մեր ուշադրությունը սևեռել Թուրքիայի վարչապետի հայտարարության վայրի վրա: Առնվազն 1910-ականներից սկսած Տիգրանակերտում, Ամեդում կամ Դիարբեքիրում իրականացվում է բարձր և ցածր ինտենսիվության ցեղասպանություն նախ հայերի, ապա նաև քրդերի դեմ»,- հավելում է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Անուշիկ Ավետյան

XS
SM
MD
LG