Մատչելիության հղումներ

«Առավոտ» թերթը 20 տարեկան է


«Առավոտ» թերթը 20 տարեկան է
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Արդեն 20 տարեկան «Առավոտ» թերթը պատանեկությունից անցավ երիտասարդության փուլ: «Ամուսնանալու ժամանակն է»,- «Ազատության» հետ զրույցում կատակեց թերթի խմբագրիր Արամ Աբրահամյանը:

20 տարին փոքր թիվ չէ պատմություն կերտելու համար. խմբագիրն ընդունում է՝ քիչ չէին բացթողումները, կան նաև նվաճումներ: Տարեդարձի առիթով այս օրերին գովեստի խոսքեր, բարձր գնահատականներ շատ են հնչում, սակայն փորձառու խմբագիրն իրեն շոյված է զգում, երբ լսում է «ես առավոտցի եմ» արտահայտությունը «Առավոտ»-ում այլևս չաշխատող մարդկանց շուրթերից:

«Այսինքն նրանց համար «Առավոտմ»-ում նախկինում աշխատելը պատիվ է, շեշտադրում է նրանց կյանքում, և դա ինձ շատ է դուր գալիս, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ մարդկանց հետ պահպանել այդքան լավ հարաբերություններ։ Չգիտեմ, գուցե դա շատ մասնագիտական հարց չէ, բայց մեր մասնագիտականը և ոչ մասնագիտականը շաղախված են իրար հետ»,- ասաց Աբրահամյանը։

Արդեն երկու տարի է, որ թերթը ոչ միայն ամենօրյա տպաքանակ է ապահովում, այլև աշխատում է առցանց ռեժիմով: Սա, ըստ թերթի խմբագրի, կարելի է համարել բացթողում. պետք էր դեռ 5 տարի առաջ հասկանալ, թե ինչպիսի զարգացում կունենա էլեկտրոնային մեդիան և ավելի շուտ մտնել այս շուկա:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ էլեկտրոնային մամուլի այս չափ արագ զարգացող տեմպերի պատճառով մի օր թերթը գոյություն չի ունենա, Աբրահամյանը պատասխանեց.- «Չեմ կարծում, հիշո՞ւմ եք «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը. այնտեղ օպերատորը և՛ 60 թվականին էր ասում, որ էլ գիրք չի լինի, թատրոն չի լինի, կինո չի լինի, կլինի մի ամբողջ հեռուստատեսություն, և՛ 80 թվականին էր նույն բանը ասում։ Միշտ կլինի անհրաժեշտություն ավելի լուրջ ընթերցանության՝ գրքի և թերթի առումով, այսինքն, թերթի և գրքի ընթերցանությունը անալիտիկ է, այսպես ասած, իսկ կայքին դուք պարզապես հայացք եք գցում, դուք տեքստի մեջ չեք խորանում»։

Աբրահամյանը նաև նշում է, որ էլեկտրոնային մամուլի կտրուկ աճը դեռ չի խոսում որակի մասին։ Խմբագրի խոսքով՝ անհասկանալի է այսօր նաև այն փաստը, որ ով չի ալարում լրագրողների վրա կեղտ է նետում․ վիրավորանքների կիզակետում հիմանականում երիտասարդ լրագրողներն են:

«Երիտասարդներին քննադատելը ես ընդհանրապես չեմ ընդունում, դա համարում եմ, կներեք, բիձայական փնթփնթոց՝ այ մեր ժամանակ այսպես էր, մեր ժամանակ էսպես էր, մեր ժամանակ կիրթ էինք, չգիտեմ, բարեկիրթ էինք և այլն։ Էն ժամանակ էլ մեր ավագ սերունդը, մեր մասին էր ճիշտ նույն բանն ասում, ինչ մենք ասում ենք երիտասարդների մասին։ Կան հրաշալի երիտասարդներ, և ինձ համար կարևորը ոչ այնքան նրա կարդացած գրքերի քանակն է, լրագրողի համար, այլ նրա ցանկությունը՝ ամեն գնով իր պատմությունը պատմել՝ լուր հաղորդել»,-ասաց Աբրահամյանը։

Այսօր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները շարունակում են իրենց զեկույցներում Հայաստանը դասել ոչ ազատ կամ մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքը: Աբրահամյանը թեպետ վերապահումով է վերաբերվում այս գնահատակններին, այդուհանդերձ ենթադրում է՝ պատճառը գուցե հնուց եկած լրագրողական կանոներն են, որոնցից հատկապես հեռուստատեսությունները չեն կարողանում հրաժարվել:

«Առաջին լուրը պետք է լինի հանրապետության նախագահն այցելեց, հետո նա ողջունեց, հետո վարչապետն այցելեց, հետո վարչապետը ողջունեց և այլն, դա ոչ թե հեռուստաընկերություներն են այդպես ուզում, դա ուզում են հենց այդ պաշտոնյաները, և, կարծում եմ, հենց դրանով է պայմանավորված, որ ավելի մեղմ, իհարկե, քան ենթադրենք տասը տարի առաջ, այդուամենայնիվ, հեռուստատեսությունում պահպանվում է գրաքննությունը. խոչընդոտը, իշխանությունների ցանկությունն է»,- ընդգծեց Աբրահամյանը։

Խմբագրի կարծիքով՝ թերթ պահելն այսօր հեշտ գործ չէ. ծախսերը շատ են ու երբեմն անհրաժեշտություն է լինում դիմել օգնության, սակայն դա չպետք է վնասի թերթի հեղինակությանը: Լրագրողի մասնագիտությունն այսօր Հայաստանում բարձր վարձատրվողներից չէ, բայցևայնպես Աբրահմյանն առաջին բանը, որ կարող է մաղթել առավոտցիներին՝ աշխատել մինչև թոշիկի անցնելը:

«Ես կարծում եմ, որ մեր պայմաները կլավանան։ Համենայնդեպս, ես այսօր չեմ պատրաստվում որևէ մեկին թոշակի ուղարկել, իսկ քսան տարուց իրենք գուցե իսկապե՞ս կարողանան այստեղից անցնել թոշակի և ստանալ առժանապատիվ թոշակ»,- ասաց խմբագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG