Մատչելիության հղումներ

Գործազուրկների թիվը Հայաստանում աճել է


Գործազուրկ տղամարդիկ Չարենցավան քաղաքում, արխիվ
Գործազուրկ տղամարդիկ Չարենցավան քաղաքում, արխիվ

Պաշտոնական տվյալներով՝ ավանդաբար մեծ է գործազուրկ կանանց թիվը, շուրջ 72 տոկոս: Աշխատանք փնտրող երիտասարդների թիվը 24 տոկոս է:

ՀՀ զբաղվածության պետական ծառայության աշխատանքի վերլուծության բաժնի պետ Անահիտ Փարսադանյանի խոսքով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկների թիվը 63 հազար է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գործազուրկների թիվն աճել է մոտ 11 տոկոսով:

Միևնույն ժամանակ, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Փարսադանյանը, աշխատանք փնտրողների և պետական գործակալությունում գրանցվողների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է հունվարի 1-ից գործազրկության նպաստի վերացման հանգամանքով:

«[Գործակալությունում գրանցված] աշխատանք փնտրողների թվաքանակը անցած տարվա նկատմամբ 4.9 տոկոսով նվազել է: Այո, մարդիկ կային, որ հենց գալիս էին նպաստ ստանալու համար»:

Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Սուսաննա Հովսեփյանն ասում է, որ այս վեց ամիսների ընթացքում իրենց մոտ գրանցվողների թիվը կտրուկ նվազել է՝ 50 - 70 տոկոսով: Պատճառն, ըստ նրա ևս, նպաստի բացակայությունն է:

«Անցած տարի այս նույն սեզոնին մեզ մոտ օրվա ընթացքում 10-20 մարդ էր այցելում, իսկ այս տարի, բնական է, պակասել է, և օրվա ընթացքում մենք հաշվառում ենք 3-5 քաղաքացի», - նշեց Հովսեփյանը:

18 տարի աշխատանք փնտրող մասնագիտությամբ բժիշկ մի կին գործակալություն էր եկել իր 2 դուստրերի հետ: Նրանք ևս գործազուրկ են: «Ազատության» հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց ընտանիքը մի կերպ է գոյատևում, քանի որ երեքից ոչ մեկին չի հաջողվում աշխատանք գտնել:

Չնայած զրուցակիցներիս հավաստիացումներին, թե տարիներ շարունակ գործազուրկ են, Զբաղվածության գործակալությունում ասում են, որ թափուր աշխատատեղերն ավելացել են, միայն թե դրանք երկար ժամանակ է չեն լրացվում՝ օբյեկտիվ պատճառներով:

«Մեր հավաքագրած թափուր աշխատատեղերը աճում են, բայց 0.8 տոկոսով նախորդ տարվա համեմատ քիչ ենք տեղավորել: Աշխատավարձերը հիմնականում ցածր են, դա է խնդիրը: Աշխատավարձը, աշխատանքային պայմանները չեն խթանում աշխատանքի տեղավորմանը», - ասաց Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը:

Պաշտոնական տվյալներով՝ ավանդաբար մեծ է գործազուրկ կանանց թիվը, շուրջ 72 տոկոս: Գործազուրկ երիտասարդների թիվը ևս տարեցտարի աճում է, եթե մի քանի տարի առաջ նրանք գործազուրկների ընդհանուր թվի 20 տոկոսն էին կազմում, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 24 տոկոսի:

Ի դեպ, այն հարցին, թե որքա՞ն էին կազմում գործազուրկության նպաստ ստացողները և հիմա նրանցից որքա՞նն են մասնակցում նպաստին փոխարինելու եկած ակտիվ ծրագրերին, որոնք պետք է օգնեն մարդկանց աշխատանք գտնել, Փարսադանյանը պատասխանեց․ - «Աշխատանք փնտրողների 11 տոկոսը ընդգրկված է ծրագրերում, շուրջ 7228 անձ, որոնցից 3 տոկոսը ակտիվ ծրագրերում են: Նախկինում 25-30 տոկոսը նպաստի ծրագրում էին ընդգրկվում»:

XS
SM
MD
LG