Մատչելիության հղումներ

Հայաստանը ծրագրում է Լիբանան խաղաղապահներ ուղարկել հոկտեմբերին


Հայ խաղաղապահները Աֆղանստանում, արխիվ

Հայ խաղաղապահները Աֆղանստանում, արխիվ

Որպես խաղաղապահ գործողություններում ներգրավված երկիր` Հայաստանը կուտակել է զգալի փորձ` մասնակցելով Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին: Այդ մասին ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը՝ երեկ մասնակցելով Անվտանգության խորհրդի «Խաղաղապահ գործողություններ. ՄԱԿ-ի և տարածաշրջանային գործընկերության գնահատում» խորագրով բաց քննարկումներին:

Խոսելով խաղաղապահ գործողություններում Հայաստանի փորձառության մասին` դեսպանն ընդգծել է այն զգալի ներուժը, որը երկիրը ձևավորել է վերջին երկու տասնամյակի ընթացքում` մասնավորապես հիշատակելով Հայաստանի Զինված ուժերում խաղաղապահ ստորաբաժանման առկայության հանգամանքը:

«Գալիք հոկտեմբերին Հայաստանը ծրագրում է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը, ինչը ՄԱԿ-ի շրջանակներում մեր մասնակցության ընդլայնման վառ ապացույցն է», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Մնացականյանը:

«Որպես ԵԱՀԿ-ի անդամ պետություն` Հայաստանը դիտարկում է կազմակերպության հնարավոր դերակատարությունը խաղաղապահ գործողություններում` ըստ յուրաքանչյուր իրավիճակի, իսկ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հետ համագործակցում խաղաղապահության նախապատրաստման գործում», - ասել է դեսպանը:

Նա կարևորել է ՄԱԿ-ի առանցքային դերը խաղաղապահ գործողությունների ծրագրավորման, համակարգման և իրագործման ոլորտներում` առանձնահատուկ ընդգծելով գործունեության հիմնական դերակատարների, այդ թվում Անվտանգության խորհրդի, գլխավոր քարտուղարի և խաղաղապահ ուժեր տրամադրող պետությունների ու տարածաշրջանային կազմակերպությունների միջև համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Մնացականյանը նաև նշել է ՄԱԿ-ի բացառիկ հնարավորությունները խաղաղապահ գործունեության միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման և խթանման հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG