Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը Գազայում հրադադարի կոչ է արել


«Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյեի՝ հրթիռակոծության հետևանքով ավերակների վերածված տունը Գազայի հատվածում, 29-ը հուլիսի, 2014թ.

«Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյեի՝ հրթիռակոծության հետևանքով ավերակների վերածված տունը Գազայի հատվածում, 29-ը հուլիսի, 2014թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի կոչ է արել։

«Գազայի հատվածում մարդիկ հայտնվել են ծուղակի մեջ։ Կողմերը պետք է պատասխան տան իրականացված հանցագործությունների համար», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Չնայած հրադադարի կոչերին, Մերձավոր Արևելքում՝ Գազայի հատվածում շարունակվում են կրակոցներն ու պայթյունները։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն զգուշացրել էր, որ Իսրայելը շարունակելու է ռազմական գործողությունները։

Այսօր առավոտյան իսրայելական հրթիռի հարվածից վնասվել է Գազայի հատվածում գտնվող «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիյեի տունը։ Հրթիռակոծման պահին տանը ոչ ոք չի եղել։

Ռաֆահում առնվազն վեց պաղեստինցի է զոհվել, իսկ Գազայի մերձակայքում՝ Շաթի կոչվող փախստականների ճամբարում տեղի ունեցած պայթյունից ինը երեխա է զոհվել։

Իսրայելական կողմը զոհերի համար մեղադրում է «Համաս»-ին՝ պատճառաբանելով, որ պաղեստինյան հրթիռն է շեղվել ուղուց, Պաղեստինն էլ մեղադրում է Իսրայելին։

Երեք շաբաթ շարունակվող մարտական գործողությունների ընթացքում մոտ 1072 պաղեստինցի է զոհվել, հազարավորները՝ վիրավորվել, իսկ իսրայելական կողմից զոհվել է 52 զինվոր ու երեք քաղաքացիական անձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG