Մատչելիության հղումներ

Նախկին Պետեկամուտների կոմիտեն, որը միավորվել է Ֆինանսների նախարարության հետ, Դիլիջանում՝ Պարզ լիճ տանող ճանապարհին, հանգստյան տուն է կառուցում, որը ներառում է մի հիմնական շենք և մի շարք առանձնատներ անտառապատ տարածաքում։

Ըստ անկախ մասնագետների հաշվարկների, ողջ կառուցապատման համար պետական բյուջեից կծախսվի մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար։ Նախարարության աշխատակիցների վերապատրաստումներն այնտեղ անցկացնելու համար նախատեսված շենքն, ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական վերլուծաբան Հայկ Գևորգյանի, պարզապես ուսումնական կենտրոն դժվար է անվանել։

«Նույնիսկ պաշտոնապես հրապարակված տեղեկանքներում մի քանի ջրավազաններ են, մի քանի սաունաներ են, բացօթյա սրճարաններ, ռեստորաններ՝ ռեստորաններ շենքի ներքևում, ռեստորաններ շենքի վերևում, էդ ռեստորանները սպասարկող գերժամանակակից վերելակներ, մեծ խոհանոցներ, թենիսի կորտեր, բասկետբոլային հրապարակներ։ Չի տեղավորվում ուսումնական կենտրոն ասվածի տրամաբանության մեջ, այսինքն ես, օրինակ, ման եկա, ասենք, դասասենյակ բառ չգտա, կամ լսարան բառ չկա»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Գևորգյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Պետեկամուտների կոմիտեն շուկայականից ցածր՝ 505 միլիոն դրամով ձեռք բերեց Դիլիջանում գտնվող Կինեմատոգրաֆիստների միության նախկին համալիրը, սկսեց վերանորոգել ու նոր կառույցներ ավելացնել։

Թե որքա՞ն կծախսվի ողջ նախագծի վրա, մեզ չհաջողվեց պարզել Ֆինանսների նախարարությունից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ որքա՞ն գումար է արդեն հատկացվել և դեռ ինչքա՞ն է ծախսվելու համալիրի կառուցումն ավարտին հասցնելու համար, Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են փուլային սկզբունքով, հետևաբար դժվարանում են ասել, թե որքան է ուսումնական կենտրոնի վերակառուցման ընդհանուր արժեքը:

Լրատվության բաժինն անգամ չնշեց, թե որքան են արդեն ծախսվել՝ նախընտրելով խոսել միայն նախագիծն իրականացնելու համար ճարտարապետական «ԶԱԱՐՏ» արվեստանոցին հատկացված 33 միլիոն դրամի մասին, որը մամուլին արդեն հայտնի տեղեկություն էր։

«Ես ասում եմ՝ հրապարակային որևէ փաստաթղթերով մենք այսօր չեն կարող բոլոր ծախսերն արձանագրել և ասել, որ մինչև էս պահը ծախսվել է էսքան, իսկ էս պահից հետո կծախսվի ևս այսքան, մենք դա չենք կարող անել, չկա նման փաստաթուղթ, թե ի՞նչ մեխանիզմներով է իրականացվում ֆինանսավորումը, ինչի՞ հաշվին, ո՞նց են արվում, այս պահին դժվար է ասել»,- ասաց Հայկ Գևորգյանը։

Այս տարվա հունիսին Կառավարության նիստերից մեկում որոշում ընդունվեց, ըստ որի, ուսումնական կենտրոնի շինարարության համար թույլատրվելու է հանել շինարարական նյութերի և սարքավորումների գնային սահմանափակումները, այն հիմնավորմամբ, որ անհրաժեշտ է ընտրել բարձր որակի շինանյութ և սարքավորումներ, քանի որ Մաքսային միության միացյալ կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է այնտեղ։

«Բացարձակ, տեխնիկապես որևէ կարիք կուրորտային վայրերում՝ այդպիսի հսկայական ծախսեր կատարելով, ախր, էդ ամեն ինչը բյուջեից ա կատարվում, այսինքն, հարկատուների փողերով, հա՞։ 20 հեկտար անտառապատ տարածք տրվում ա Պետեկամուտների կոմիտեին, որ ի՞նչ անեն, իմ համար դա անհասկանալի է ուղղակի»,- փոխանցեց վերլուծաբանը։

Գևորգյանի դիտարկմամբ՝ հարկատուների գրպանից նման մեծ գումարներ հանգստյան տների ու գոտիների կառուցելու ավանդույթը դրեց Կենտրոնական բանկը։

«Կառուցման ավանդույթը դրեց Կենտրոնական բանկը, որը 152 միլիոն դոլար հարկատուների հաշվին ծախսեց՝ Դիլիջանում կառուցեց էլի, այսպես ասած, ուսումնական կենտրոն, էլի իր քոթեջներով, հյուրանոցներով, ռեստորաններով, սրճարաններով, չգիտեմ էդ բոլոր ենթակառուցվաքներով»,- նշեցԳևորգյանը։

Համեմատության համար ասենք, որ մինչև հիմա նորոգված չէ Դիլիջանով անցնող մայրուղուց դեպի Պարզ լիճ տանող 10 կիլոմետրանոց ճանապարհը, որով ամեն տարի հազարավոր տեղացիներ ու զբոսաշրջիկներ են անցնում։ Պետական բյուջեում բավարար գումար չկա նաև աղետի գոտու կառուցապատումն ավարտին հասցնելու համար՝ միայն Գյումրիում այսօր ավելի քան 3 հազար ընտանիք ապրում է ժամանակավոր կացարանում։

XS
SM
MD
LG