Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանության մերժված հայցերի պատճառներն ու հետևանքները


Տարբեր բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքացիներին տուգանելու ոստիկանության հայցերի ճնշող մեծամասնությունը, փաստաբան Արտակ Զեյնալյանի տվյալներով, մերժվել է վարչական դատարանում:

Քաղաքացիներին բերման ենթարկելու օպերացիաներից հանրահայտ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց «Ազատության» հարցին, թե ոստիկանությունն իր հայցերի մերժումից ի՞նչ հետևություն է անում.- «Հիմա տեսեք, որ մեր երկրում արդարադատություն կա»։

Վարչական դատարանի վճիռներով ոստիկանության գործողությունները ճանաչվում են ոչ իրավաչափ: Անցյալ ուրբաթ դատարանը որոշել էր 4 քաղաքացիներից յուրաքանչյուրի օգտին ոստիկանությունից բռնագանձել 150 հազարական դրամ, որպես դատական ծախսերի հատուցում:

Հետաքրքիր է, որ ոստիկանության հայցերի մերժումից հետո էլ ոստիկանները և հատկապես Վալերի Օսիպյանը չի վարանել քաղաքացիներին կրկին բերման ենթարկել, իսկ հետո էլ նրանց նկատմամբ վարչական վարույթ հարուցել. Այս վարքագծի շարունակությունից, ըստ փաստաբան Արտակ Զեյնալյանի, կորուստներ է կրում պետությունը։

«Եթե նույնիսկ դատարանները միանգամից դատական ծախսերի հարցը չեն լուծում, ապա մենք հետագայում անպայման վնասի հատուցման պահանջներ յուրաքանչյուր գործով։ Բայց սա նրանց համար խոչընդոտ չէ, որպեսզի տեղում մարդու խաղաղ հավաքների ազատության իրավունքը սահմանափակեն»,- ասաց Զեյնալյանը։


Վերլուծաբան, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանությունը 4 հայց է ներկայացրել տարբեր բողոքի ակցիաներին մասնակցելու հետևանքով տուգանելու պահանջով: Ամիսներ առաջ ոստիկանությունը վարչական դատարանում հրաժարվել էր մի հայցից՝ կապված նախագահական դդում տանելու ակցիայի հետ:

Արգիշտի Կիվիրյանը, մեկնաբանելով ոստիկանության հայցերը մերժելու՝ վարչական դատարանի վճիռները, ուշադրություն հրավիրեց Հայաստանի արդարադատության համակարգի յուրահատկությանը. - «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում չկա անկախ դատական համակարգ, դատարանները այս գործերով կայացնում են այն որոշումները, որոնք ի սկզբանե համաձայնեցված են եղել նախագահականի հետ»։


Այս իրավիճակում, ըստ Կիվիրյանի, մեծ հաշվով շահում է իշխանությունը.- «Պատրանք է ստեղծում, որ Հայաստանում կա անկախ դատական համակարգ, և իրենք հասկանում են, որ եթե այս գործերը գնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ապա իրենք ավելի կտուժեն»։

Քաղաքացիների դեմ ոստիկանության հայցերի վերաբերյալ առաջիկայում սպասվում են հարյուրից ավելի վիճռներ:

XS
SM
MD
LG